Մատչելի հղումներ

Թուրքիան բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին


Թուրքիան բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին
Թուրքիան բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին

Թուրքիայի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը բողոք է ներկայացրել Շվեյցարիայի դեսպանին՝ Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի գործողությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու հանգամանքի կապակցությամբ:

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնատար անձանցից մեկն ասել է, թե նման գործողություններն անընդունելի են, և «դեսպանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն ներկայացնելու համար»:

Հիշեցնենք, որ Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ:

Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը:

Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, որ «անցյալ շաբաթ բողոք է ստացվել, որից մենք տեղեկացրել ենք, թե Բաղըշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրված 261-րդ հոդվածը»:

«Դատախազությունը լրջությամբ է վերաբերվում նման մեղադրանքներին, և բողոքի շուրջ քրեական գործ է հարուցվել», - հայտնել է Ցյուրիխի դատախազը՝ հավելելով. «Հետաքննություն կանցկացվի՝ պարզելու, արդյոք Բաղըշն արտասանել է Հայոց ցեղասպանությունը հերքող բառերը, ինչպես նշված է բողոքի մեջ: Բացի դրանից, մենք կուսումնասիրենք իր կողմից դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու հարցը»:

«Ի վերջո, եթե նա իրոք խախտում է թույլ տվել և դիվանագիտական անձեռնմխելիությամբ պաշտպանված չէ, ապա մենք նրան մեղադրանք կներկայացնենք», - հայտնել է Ցյուրիխի դատախազ Բրաունշվայգը:

Բաղըշը որևէ մեկնաբանություն չի ներկայացնի այս հարցի շուրջ այնքան ժամանակ, մինչև դատախազության կողմից չավարտվի նախնական հետաքննությունը:

XS
SM
MD
LG