Ցյուրիխի դատախազությունը երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հայցով դատական գործ է հարուցել Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի դեմ:
«Թըդեյզ Զաման» թուրքական պարբերականը, վկայակոչելով շվեյցարական մամուլը, հայտնել է, թե Բաղըշի դեմ գործ հարուցելու համար հիմք է դարձել Շվեյցարիայի հայ համայնքի կողմից ներկայացված բողոքը:
Ցյուրիխի դատախազ Քրիստին Բրաունշվայգն այս կապակցությամբ ասել է, որ «անցյալ շաբաթ բողոք է ստացվել, որից մենք տեղեկացրել ենք, թե Բաղըշը խախտել է Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրված 261-րդ հոդվածը»:
«Դատախազությունը լրջությամբ է վերաբերվում նման մեղադրանքներին, և բողոքի շուրջ քրեական գործ է հարուցվել», - հայտնել է Ցյուրիխի դատախազը՝ հավելելով. «Հետաքննություն կանցկացվի՝ պարզելու, արդյոք Բաղըշն արտասանել է Հայոց ցեղասպանությունը հերքող բառերը, ինչպես նշված է բողոքի մեջ: Բացի դրանից, մենք կուսումնասիրենք իր կողմից դիվանագիտական անձեռնմխելիություն ունենալու հարցը»:
«Ի վերջո, եթե նա իրոք խախտում է թույլ տվել և դիվանագիտական անձեռնմխելիությամբ պաշտպանված չէ, ապա մենք նրան մեղադրանք կներկայացնենք», - հայտնել է Ցյուրիխի դատախազ Բրաունշվայգը:
Ըստ «Թըդեյզ Զաման»-ի, Բաղըշը որևէ մեկնաբանություն չի ներկայացնի այս հարցի շուրջ այնքան ժամանակ, մինչև դատախազության կողմից չավարտվի նախնական հետաքննությունը:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովից հետո Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Բաղըշը այցելել է Ցյուրիխ, որտեղ լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը Ֆրանսիայում և Շվեյցարիայում, որտեղ գործում է նմանատիպ օրենք:
«Մենք այժմ Շվեյցարիայում ենք, և ես ասում եմ, որ 1915-ի դեպքերը չեն եղել, ցեղասպանություն տեղի չի ունեցել: Թող գան ու ձերբակալեն ինձ: Ես հավատում եմ, որ Ֆրանսիայում խելացի մարդիկ ավելի շատ են, և որ Սահմանադրական դատարանը վաղ թե ուշ չեղյալ կհայտարարի այդ օրինագիծը, չնայած այդ որոշումը մեզ համար ոչ մի նշանակություն չունի», - հայտնել է Բաղըշը: