Մատչելի հղումներ

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Սենատը երկուշաբթի ուշ երեկոյան քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Սենատորներից շատերը, չնայած իրենց սպառնացող լուրջ հետևանքների, չեն մասնակցել քվեարկության՝ փոխարենը որպես լիազորված անձ գործելու թույլտվություն տալով իրենց գործընկերներին: Սենատի նիստերի դահլիճում գտնվողները սակայն մի քանի ժամ շարունակ թեժ քննարկումներ են վարել օրինագծի շուրջ:

Թուրքիան «մեծ անարդարություն» է անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները»:

«Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան», - շեշտել է Նալբանդյանը՝ Հայաստանի արտգործնախարարության կայքում հրապարակված իր հայտարարությունում:

Թուրքիայի իշխանությունները սպառնացել են մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սակայն հորդորել է Թուրքիայն չափազանց սուր չարձագանքել օրինագծի ընդունման՝ ասելով, որ Թուրքիան համարվում է Ֆրանսիայի «շատ կարևոր դաշնակիցը»:

Նմանատիպ

XS
SM
MD
LG