Մատչելի հղումներ

Էրդողանը Ֆրանսիայի հետ հարաբերություններում «նոր դարաշրջան» մեկնարկելու կոչ է արել


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել մեկնարկել Ֆրանսիայի հետ հարաբերությունների «նոր դարաշրջան»:

Այս կոչով Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հինգշաբթի ուշ երեկոյան Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին շնորհավորելու կապակցությամբ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն այսուհանդերձ ազատ կլինեն «դրանց վրա ներկայում ազդեցություն գործող արհեստական հարցերից»:

«Վստահ եմ մեր հարաբերություններում նոր դարաշրջան մեկնարկելու հարցում», - ասել է Թուրքիայի վարչապետը Ֆրանսուա Օլանդի հետ ունեցած հարցազրույցում:

Եվրոպական Միություն Թուրքիային ընդունելու դեմ հանդես եկող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման ժամանակ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները բավականին լարված են եղել:

Հարաբերություններն է՛լ ավելի էին լարվել այն բանից հետո, երբ հունվարի 22-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին, որը սակայն հետագայում հակասահմանադրական է ճանաչվել երկրի Սահմանադրական դատարանի կողմից:

Թուրքիան «մեծ անարդարություն» էր անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ»:

XS
SM
MD
LG