Մատչելի հղումներ

Կիրո Մանոյան. «Սա աշխարհի վերջը չէ»


Հայաստանի պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները իրենց հիասթափությունն են արտահայտել Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը երկրի սահմանադրությանը հակասող ճանաչելու հանգամանքով՝ միաժամանակ գովասանքի խոսքեր ուղղելով Ֆրանսիայի նախագահին՝ գործընթացը շարունակելու պատրաստակամություն արտահայտելու համար:

«Իհարկե, ցավալի է, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի է, թե ինչ գործընթացների ազդեցությամբ է պայմանավորված նման որոշման կայացումը: Միաժամանակ ցանկանում եմ ողջունել Հայոց ցեղասպանության փաստի դատապարտման գործընթացը շարունակելու մասին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վճռականությունը», - «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը՝ հավելելով. «Ֆրանսիան առաջնորդվում է համամարդկային արժեքներով, այդ իսկ պատճառով նոր օրինագծի ներկայացմանը տանող գործընթացներն անդառնալի են»:

Անդրադառնալով Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը երկրի սահմանադրությանը հակասող ճանաչելու հանգամանքին, Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի և Բյուրոյի քաղաքական հարցերի և գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, որ նման որոշումը «իրականում վկայում է այն մասին, որ Թուրքիայի կողմից արված սպառնալիքներն ազդեցություն են գործել Ֆրանսիայի իրավական համակարգի վրա, ինչը ամոթալի է Ֆրանսիայի համար: Սակայն, ինչպես նախկինում էլ ենք ասել, սա աշխարհի վերջը չէ»:

«Վերջիվերջո, Հայոց ցեղասպանության մերժումը Ֆրանսիայում կքրեականացվի այնպես, ինչպես քրեական հանցագործություն է համարվում Հրեական ողջակիզման՝ Հոլոքոստի մերժումը», - ասել է Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը հակասահմանադրական է ճանաչել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշման համաձայն, օրինագիծը խախտում է երկրի սահմանադրությամբ ապահովվող արտահայտման և խոսքի ազատությունը:

Սահմանադրական դատարանի որոշումն արժանացել է ֆրանսիահայ կազմակերպությունների խիստ քննադատության: Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի նախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանի կարծիքով, դատարանի որոշումն ընդունվել է Թուրքիայի կողմից գործադրված ճնշման հետևանքով:

«Դեկտեմբեր և հունվար ամիսներին ականատես եղանք Ֆրանսիայում օտարերկրյա լոբբինգի արտահայտման՝ անընդունելի ճնշման և շորթումների իրականացման, որոնք հասել են իրենց նպատակին», - ասել է Փափազյանը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որն անձամբ է սատարել այս օրինագիծը, անմիջապես արձագանքել է երկրի սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման՝ ասելով, որ կառավարությունից պահանջելու է նախապատրաստել նոր օրինագիծ, որտեղ հաշվի կառնվի սահմանադրական դատարանի որոշումը:

XS
SM
MD
LG