Մատչելի հղումներ

«Երևանի հետ հարաբերությունների բարելավումն առանց Բաքուն օտարելու Թուրքիայի առաջնահերթ խնդիրներից է»


Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գնալով ընդլայնվող համագործակցության:

Հոդվածում քննարկվում է երկու պետությունների միջև հարաբերությունների մի քանի ուղղություն, մասնավորապես՝

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը

Հեղինակը գրում է, որ Թուրքիայի կառավարության նախարարները բազմաթիվ այցելություններ են կատարում Արդբեջան՝ խոստանալով օգնություն տրամադրել Բաքվին «Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցում»:

«Ստամբուլում անցյալ ամսվա ընթացքում 1992 թվականին Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների զոհերի հիշատակին նվիրված՝ անցյալ ամիս Ստամբուլում անցկացված միջոցառման ընթացքում Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նայիմ Սահինն իր կրքոտ ուղերձում խոստացել է, որ քանի դեռ գոյություն ունի թուրք ազգը, «այս արյունն անպատասխան չի մնալու», - գրում է հեղինակը:

Դորիան Ջոնսը հիշեցնում է, որ այս միջոցառմանը մասնակցել են թուրք և ադրբեջանցի հազարավոր ազգայնականներ, որոնցից շատերի ձեռքերում կային «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով պաստառներ, իսկ միջոցառման ընթացքում տիրում էր հակահայկական մթնոլորտ:

Փոփոխություն արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ

Ջոնսի վկայությամբ, Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի քաղաքագետ Չենգիզ Աքթարն ասել է, թե Թուրքիայի արտգործնախարարի կողմից այս միջոցառումն այցելելու փաստը Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնարար փոփոխության մասին է վկայում:

«Սա կարևոր պահ է և չափազանց կարևոր զարգացում, քանի որ, ինչքան հիշում եմ, Թուրքիայում վերջին տասը տարիների ընթացքում նման որևէ բան տեղի չի ունեցել: Ադրբեջանը հզոր վերադարձ է կատարել Թուրքիայի քաղաքական կյանք», - ասել է Աքթարը՝ հավելելով. «Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ տեղի է տվել Հայաստանի և հայերի նկատմամբ իրականացվող իր քաղաքականությունը, և թվում է, թե ներկա պահին «եղանակ է ստեղծում» հենց Ադրբեջանը»:

Հոդվածում նշվում է, որ Անկարան 2009 թվականի հոկտեմբերին առաջացրել է Բաքվի զայրույթը՝ Երևանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ արձանագրությունները ստորագրելուց հետո, որոնց ստորագրման արդյունքում հետագայում կարող էր նաև ավարտի հասցվել Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական էմբարգոն:

Հոդվածում վկայակոչվում է Թուրքիայի բարձրաստիճան նախկին դիվանագետ, ներկայում Ստամբուլում գործող «Տնտեսության և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոն» անկախ վերլուծական կազմակերպությունը ղեկավարող Սինան Ուլգենի խոսքը, որի համաձայն Բաքվի կողմից այս հարցում ցուցաբերած ընդդիմությունը ստիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ըստ էության սառեցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը:

Ըստ Ուլգերի, Թուրքիայի վարչապետի կողմից «Բաքուն նախընտրելու» հիմնական պատճառը Թուրքիայում ուժեղ ազգայնականությունն է, քանի որ «Թուրքիան ավանդաբար եղել և մնում է շատ հայրենասեր պետություն: Բնակչության շրջանում ուժեղ է ազգայնականությունը, որի վրա է հիմնված իշխող կուսակցությունը, և Ադրբեջանն օգտագործում է այս խաղաթուղթը»:

Թուրքիայի համար գայթակղիչ գործարքներ

«Ամերիկայի Ձայնի» թղթակից Դորիան Ջոնսի վկայությամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարությունն այս տարվա սկզբին հայ-թուրքական հարաբերությունները փակուղու մեջ մտնելու համար խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին: Սակայն, ըստ Ջոնսի, «փոխարենը Անկարան «բավականին մեծ պարգև է ստացել» Բաքվի կողմից» :

«Վերջին մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանը ստորագրել է դեպի էներգետիկ «քաղց» ապրող Թուրքիան բնական զազի մատակարարման մի քանի գայթակղիչ գործարք, ինչպես նաև ևս մեկ պայմանագիր, որով նախատեսվում է Թուրքիան դարձնել Ադրբեջանում արդյունահանվող էներգակիրների բաշխողն ամբողջ տարածաշրջանում», - գրում է հեղինակը՝ հավելելով. «Անկարան ցանկանում է տարածաշրջանային էներգետիկայի կենտրոն դարձնել Թուրքիան, և այս գործարքները նպաստում են նաև, Անկարան դադարեցնի Իրանից ներմուծվող էներգակիրներից իր կախվածությունը, քանի որ Իրանի նկատմամբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ է գործադրում»:

Հոդվածում հիշատակվել է նաև Թուրքիայի արտգործնախարարության ռազմավարական ծրագրավորման վարչության նախկին պետ Մուրատ Բիհլանի խոսքը, որը զգուշացրել է, որ, չնայած Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման, Բաքուն կասկածանքով է վերաբերվում Անկարային:

«Հարաբերությունների հիմքում չկա փոխադարձ վստահություն, և խնդիրը միայն հայկական հարցը չէ: Ադրբեջանցիներից շատերը կասկածանքով են վերաբերվում Թուրքիային նաև այն պատճառով, որ Թուրքիան սունի մահմեդականություն դավանող երկիր է, իսկ Ադրբեջանում դավանում են շիա մահմեդականություն: Սակայն որոշ բնագավառներում կան համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հիմնականում բնական գազի ոլորտին վերաբերող նախագծերի իրականացման շուրջ: Բացի այդ, քննարկումից հանված չէ Հայաստանի տարածքը շրջանցող երկաթուղու կառուցման նախագիծը», - ասել է Բիլյանը:

Հայաստանի հետ հարաբերությունների բարելավում

Հեղինակը գրում է, որ Ադրբեջանը տեղյակ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում Թուրքիայի վրա հետզհետե ավելացող ճնշման մասին, քանի որ Անկարան Երևանի հետ հարաբերությունների բարելավումը դիտում է որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Թուրքիային շարունակաբար ներկայացվող պահանջները դադարեցնելու հիմնական հնարավորություն:

Թուրքիայի նախկին դիվանագետ Ուլգերը զգուշացնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Թուրքիայի վրա գործադրվող ճնշումը գնալով կավելանա:

«Մոտենում է 2015 թվականը՝ զարհուրելի այս իրադարձությունների հարյուրերորդ տարելիցը: Թուրքիան կրկին պետք է հաշվի առնի դա և հասկանա, թե որն է իր շահը: Իրականում տեսնում ենք, որ այժմ Թուրքիայի քաղաքական ասպարեզում Ադրբեջանն «արգելափակող ձայնի», ինչու ոչ՝ վետոյի ձայնի հնարավորություն ունի», - ասում է Ուլգենը:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ անցյալ ամիս Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելուց հետո Թուրքիայի և Ֆրանսիայի միջև «դիվանագիտական փոթորիկ» է տեղի ունեցել:

«Դիվանագիտական մեկ այլ հնարավոր փոթորիկ կարող է առաջանալ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված փորձերը վերսկսելու պատճառով: Սակայն Անկարայի համար խնդիր է մնում այն, թե ինչպես է հնարավոր, առանց Բաքուն օտարելու, բարելավել հարաբերությունները Երևանի հետ: Սպասվում է, որ այս մարտահրավերի լուծումը Թուրքիայի համար կդառնա գնալով ավելի մեծ կարևորություն ունեցող դիվանագիտական առաջնահերթություն», - գրում է Ստամբուլում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսը:

XS
SM
MD
LG