Մատչելի հղումներ

«Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը հրահրում է ֆրանսիական ապրանքների բոյկոտը»


Մահմեդական կուսակցության անդամների բողոքի ցույց Անկարայում Ֆրանսիական դեսպանատան մոտ, դեկտեմբերի 21, 2011
Մահմեդական կուսակցության անդամների բողոքի ցույց Անկարայում Ֆրանսիական դեսպանատան մոտ, դեկտեմբերի 21, 2011

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը զգուշացրել է, որ թուրք ժողովուրդը կարող է ինքնուրույն որոշում կայացնել այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է բոյկոտել ֆրանսիական ապրանքներն այնպես, ինչպես ժամանակին բոյկոտել են իտալական ապրանքները:

«Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Բաղըշն ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծին Թուրքիայի ժողովուրդն արձագանքելու է առանց երկրի կառավարության որևէ մասնակցության:

«Անցյալում տեսել ենք երկրի ժողովրդի արձագանքն Իտալիայի նկատմամբ, որտեղ արտադրված գինիները թափվել են փողոց, իսկ վերարկուներն ու փողկապները՝ այրվել», - ասել է Բաղըշը՝ հավելելով. «Որևէ առաջարկություն անելու կարիքը չկա՝ ժողովուրդ ինքն է որոշում կայացնում»:

Բաղըշն ասել է, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծն ընդունելուն ի պատասխան թուրքերը դադարեցնելու են ֆրանսիական ապրանքների սպառումը:

Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի հարցերով նախարար Նիհաթ Էրգյունն ասել է, որ Թուրքիան ամենայն հավանականությամբ, էմբարգոյի որևէ քաղաքականություն չի որդեգրելու Ֆրանսիայի նկատմամբ և միջազգային պայմանագրեր չի խախտելու:

«Ֆրանսիան սակայն պետք է հաշվի առնի, որ կարող է անհարմար դրության մեջ հայտնվել՝ թուրքական հասարակության տեսակետից», - ասել է Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի հարցերով նախարարը:

XS
SM
MD
LG