Մատչելի հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը


Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի խորհրդարանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումը:

Օրինագծով նախատեսվում է 59 հազար դոլարի տուգանք և մեկ տարվա ազատազրկում սահմանել Ֆրանսիայում օրենքով ճանաչված ցեղասպանության ցանկացած փաստի հերքման դեպքում:

«Bloomberg Businessweek» ամերիկյան հանդեսի համաձայն, դեպի Ֆրանսիայի խորհրդարանը տանող բոլոր ճանապարհներն արգելափակվել են, քանի որ թուրքամետ մի քանի հազար ցուցարար բողոքի ցույց են անցկացնում մոտակա հրապարակներից մեկում:

«Ես ցնցված եմ, որ Թուրքիայի կողմից Եվրոպայի դուռը թակելու պահին այս մեծ երկիրը խրախուսում է, որ իր քաղաքացիները բողոքեն այս օրինագիծն ընդունելու դեմ», - Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ Ֆրանսիայի խորհրդարանում քննարկումները մեկնարկելու սկզբին նշել է օրինագիծը ներկայացրած պատգամավոր Վալերի Բոյերը:

Արդյունաբերության նախկին նախարար Քրիստիան Էստրոզին նշել է, որ քննարկվող օրինագիծն անհրաժեշտ է 2001 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքը լրացնելու համար:

«Առանց սանկցիայի օրենքը պարադոքս է», - ասել է Էստրոզին խորհրդարանում:

Թուրքիան վերջերս զգուշացրել է Ֆրանսիային տնտեսական ծանր հետևանքների մասին այն դեպքում, եթե երկրի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագիծը:

Մասնավորապես, այս հարցին անդրադարձած «Bloomberg Businessweek» ամերիկյան տնտեսական հանդեսում նշվել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի դեմ լոբբինգի շրջանակներում, հրավիրել է այս երկրի շուկայում գործող ավելի քան 20 ընկերությունների գործադիր ղեկավարներին, որոնց թվում եղել են «Credit Agricole SA» և «Groupama SA» ընկերությունների ղեկավարները:

Ամերիկյան տնտեսագիտական հանդեսը նշել է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին դեկտեմբերի 17-ին սպառնացել է, որ «Ֆրանսիան «անվերականգնելի» կորուստներ կունենա այն դեպքում, եթե ուժի մեջ մտնի նման օրենք», և կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին արգելափակել այդ օրենքի ընդունումը:

«Թուրքիան անցյալում նույնպես սպառնացել է վրեժխնդիր լինել», - գրել է հանդեսը, - հավելելով. «սակայն այս անգամ սպառնալիքները կարող են ավելի լուրջ լինել: Եթե առաջադրված օրինագիծը օրենքի ուժ ստանա, ապա Թուրքիայում կարող է սկսվել ֆրանսիական ապրանքների դեմ ուղղված լուրջ բոյկոտ»:

XS
SM
MD
LG