ՆԱՏՕ-ն վերահաստատել է Աֆղանստանին օժանդակելու հանձնառությունը

ՆԱՏՕ-ն, չնայած ֆինանսական մեծ ծախսերի, չի լքելու Աֆղանստանը՝ թշնամիների զոհ դարձնելով այս երկիրը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Արդներս Ֆոգ Ռասմուսենը, չորեքշաբթի օրը հանդես գալով Բրյուսելում հանդիպում անցկացնող ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնատար բարձրաստիճան անձանց առջև, զգուշացրել է Աֆղանստանի կառավարությունը տապալելու ցանկություն ունեցող ուժերին, որ դաշինքի զորամիավորումները դուրս բերելուց հետո նրանց տեղն այս երկրում զբաղեցնելու են «Աֆղանստանի լավ պատրաստված անվտանգության ուժերը»:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են անցկացնում Բրյուսելում, որի ընթացքում քննարկվում է 2014 թվականին Աֆղանստանից դաշինքի մարտական ստորաբաժանումների ավելի քան 130 հազար զինծառայողների դուրսբերման ծրագիրը: Ծրագրի հիմնադրույթները մշակվելու են հաջորդ ամիս Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երեքշաբթի օրն ասել է, թե 2014 թվականին ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները դուրս բերելուց հետո երկրում անվտանգության ապահովման համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ կլինի տարեկան տրամադրել 2 միլիարդ դոլար կազմող գումար: Ռասմուսենն ու ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն սակայն, այս նպատակների համար անհրաժեշտ կլինի տարեկան ծախսել մոտ 4 միլիարդ դոլար կազմող գումար:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երեքշաբթի օրը հորդորել է թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:

Հանդես գալով երկրի մայրաքաղաք Քաբուլում ուսանողների առջև՝ նախագահ Քարզայն ընդգծել է, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա: