Մատչելի հղումներ

Պայթյուն Քաբուլում, կան զոհեր


Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մեքենայում տեղադրված պայթուցիկի գործարկման պատճառով զոհվել է առնվազն վեց մարդ:

Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Աֆղանստան կատարված չհայտարարված այցից ընդամենը մի քանի ժամ անց:

Քաբուլի ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ պայթյունն իրականացվել է ինքնասպան ահաբեկչի կողմից դեպի Ջելալաբադ՝ քաղաքից արևելյան ուղղությամբ տանող հիմնական ճանապարհի մոտակայքում:

Հարձակման թիրախն ամենայն հավանականությամբ եղել է «Կանաչ գյուղ» անվանումը կրող համալիրը, որտեղ բնակվում են միջազգային կազմակերպությունների հարյուրավոր աշխատողները:

Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն, հարձակման պատճառով զոհվել է քաղաքացիական հինգ անձ և պահակներից մեկը:

Այս հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբ զինյալները:

ՆԱՏՕ-ի խոսնակ, գեներալ Կարստեն Յակոբսոնը «Աֆղանստանի անմեղ քաղաքացիների մահվան պատճառը դարձած ևս մեկ անհույս հարձակում» է անվանել այս ռմբակոծությունը:

Ականատեսների համաձայն, Աֆղանստանի մայրաքաղաքի արևելյան մասում որոտացել է ևս մեկ պայթյուն, որից հետո լսվել են փոխհրաձգության ձայները:

XS
SM
MD
LG