«Թալիբների մի խումբ զինյալներ Աֆղանստանի հյուսիս-արևելքում գրոհել է երկրի ոստիկանության հենակետերից մեկը՝ սպանելով ոստիկանության առնվազն չոր և գերի վերցնելով ևս 16 ծառայող»:
Այս հայտարարությամբ հանդես եկած Բադախշան նահանգի փոխնահանգապետը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել Բադախշան նահանգում չորեքշաբթի ուշ երեկոյան: Նա ասել է նաև, որ վնասվածքներ է ստացել զինյալների որոգայթն ընկած ոստիկանության երկու ծառայող:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հորդորել է թալիբներին դադարեցնել հարձակումները՝ ասելով, որ նոր բռնությունները կարող են երկարացնել օտարերկրյա ռազմական ներկայությունն Աֆղանստանում:
Հանդես գալով երկրի մայրաքաղաք Քաբուլում ուսանողների առջև՝ նախագահ Քարզայն ընդգծել է, որ թալիբների կողմից իրականացվող բռնությունները որևէ դրական ազդեցություն չեն գործում ո՛չ իսլամի, ո՛չ մահմեդականների, ո՛չ էլ Աֆղանստանի ժողովրդի վրա:
«Դուք ոչինչ չեք արել իսլամի համար, չեք աշխատել Աֆղանստանի անկախության և ժողովրդի, երկրի ազատության և զարգացման համար: Դուք նպաստել եք օտարերկրյա զինված ուժերի ներկայության երկարաձգման», - խոսելով թալիբների մասին՝ ասել է Աֆղանստանի նախագահը: