Աֆղանստանում կարող են անցկացվել նախագահական վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի երկրում քվեարկությունը չհամընկնի Աֆղանստանից օտարերկրյա զորամիավորումների դուրսբերման հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հինգշաբթի օրն անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը նշել է նախագահական ընտրությունները 2014 թվականի փոխարեն հաջորդ տարի անցկացնելու հնարավորության մասին:
Քարզայի համաձայն, այս հնարավորությունը քննարկվել է իր մերձավորների հետ, սակայն որևէ որոշում դեռևս չի կայացվել:
Աֆղանստանի ներկայիս նախագահը պետք է պաշտոնաթող լինի 2014 թվականին՝ այն ժամանակ, երբ, ըստ ժամանակացույցի, օտարերկրյա ստորաբաժանումները լքելու են երկիրը: Սակայն կան մտահոգություններ, որ Աֆղանստանի կառավարական ուժերի կողմից ամբողջ երկրում անվտանգությունն ապահովելու պատասխանատվության ստանձնումն ու միաժամանակ երկրում նախագահական ընտրությունների անցկացումը կարող են շատ մեծ լարվածություն ստեղծել:
Համիդ Քարզայը նախագահական երկրորդ ժամկետում ընտրվել է 2009 թվականին անցկացված ընտրությունների արդյունքներով: Աֆղանստանի սահմանադրությունը սակայն արգելում է երկրի նախագահին երրորդ անգամ մասնակցել ընտրությունների: