ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները չորեքշաբթի օրը մեկնարկած հանդիպման ընթացքում քննարկելու են դաշինքի Լիբիայում իրականացվող ընթացիկ առաքելությանը, Աֆղանստանում շարունակվող պատերազմին և անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելու փորձերին այն պայմաններում, երբ դաշինքի որոշ անդամների բյուջեները կրճատվում են:
Այս ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները շարունակում են Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի դեմ իրականացվող հարվածները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախկինում նշել է, որ Քադաֆիի ուժերի դեմ ուղղված առաքելությունը «մեծ հաջողություն» է գրանցել և շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չդադարեն քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները:
Ռասմուսենը սակայն նշել է, որ Լիբիայում իրականացվող առաքելության արդյունքում բացահայտվել են դաշինքի անդամների որոշ, հատկապես եվրոպական, անդամների թերություններ, մասնավորապես հետախուզական գործողություններ և ինքնաթիռներն օդում վերալիցքավորելու ունակության առումով:
Նախարարները քննարկելու են նաև Աֆղանստանում իրականացվող առաքելությունը, որտեղ ԱՄՆ-ի առաջնորդությամբ գործող ՆԱՏՕ-ի ուժերը այս երկրի որոշ մասերում մեկնարկել են անվտանգության վիճակի նկատմամբ վերահսկողությունը Աֆղանստանի ուժերին փոխանցելու գործընթացը:
Սպասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է նաև Կոսովոյում ստեղծված իրավիճակը, որտեղ Կոսովոյի և Սերբիայի միջև սահմանային անցման մոտ անցյալ շաբաթ տեղի են ունեցել բախումներ ՆԱՏՕ-ի խաղաղապահների և էթնիկ սերբերի միջև: