Մոսկվայում հարձակում իրականացրած զինյալները փորձել են ռմբակոծություն կազմակերպել Ամանորի գիշերը

Մոսկվայում հարձակում իրականացրած զինյալները փորձել են ռմբակոծություն կազմակերպել Ամանորի գիշերը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչական հարձակում իրականացրած խմբավորումը ծրագրել է Ռուսաստանի մայրաքաղաքում բազմաթիվ մարդկային զոհեր առաջացնելու նպատակով հարձակում իրականացնել Ամանորի գիշերը։

Խմբավորումը ծրագրել էր, որ կին մահապարտներից մեկը իրեն պետք է պայթեցներ Մոսկվայի կենտրոնում գտնվող Մանեժի հրապարակում, սակայն դավադրությունը ձախողվել է, քանի որ, ամենայն հավանականությամբ, հեռախոսին եկած հաղորդագրությունը դարձել է ահաբեկչի մահվանը բերած պայթյունի պատճառ։

Երկուշաբթի օրը «Դոմոդեդովո» օդանավակայանում բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ դարձած պայթյունի համար որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել, սակայն բոլոր նշանները վկայում են, որ հարձակումը Հյուսիսային Կովկասի մահմեդական ահաբեկիչների գործն է։

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը, մեջբերելով ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, հաղորդել է, որ Մոսկվայում ահաբեկչական հարձակում նախատեսվել է իրականացնել դեռևս անցյալ տարվա նոյեմբերին։

Կին մահապարտը, ամենայն հավանականությամբ, Ամանորի նախօրեին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 20:30–ին ստացել է Ամանորի սպամ շնորհավորանք, որը և գործարկել է ահաբեկչական հարձակում իրականացնելու համար նախատեսված ռումբը։

Երկու այլ կասկածյալ, որոնց թվում են Հյուսիսային Կովկասում մարտական գործողություններ վարած զինյալներից մեկի կինը, ձերբակալվել են հունվարի 5-ին՝ Մոսկվայից փախուստի դիմելու ժամանակ, սակայն նրանց հետ կապեր ունեցող այլ անձանց հաջողվել է ծրագրել և իրականացնել օդանավակայանում տեղի ունեցած հարձակումը։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն հայտնել, թե որ խմբավորումն է իրականացրել այս հարձակումը, սակայն իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներից մեկը հայտնել է լրատվամիջոցներին, որ ահաբեկիչները կապեր ունեն հյուսիսկովկասյան զինյալների խմբավորումների հետ, որոնք պայքարում են Ռուսաստանի հարավային մասում մահմեդական անկախ պետություն ստեղծելու համար։