Ռուսաստանի հետաքննչական մարմինները ճշտել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մարդկային 35 զոհի և ավելի քան 120 վիրավորի պատճառ դարձած ահաբեկչական հարձակումն իրականացրած մահապարտի ինքնությունը: Ըստ հետաքննչական մարմինների, նա եղել է կովկասյան տարածաշրջանից 20-ամյա մի բնակիչ։
Հետաքննչական հանձնաժողովը չի բացահայտել հարձակումն իրականացրած անձի անունը, քանի որ երկուշաբթի օրն իրականացված հարձակման հետաքննչական աշխատանքները դեռևս ընթացքում են։
Հետաքննչական մարմինները կազմել են բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած այս հարձակումն իրականացնելու հետ առնչություն ունեցող տասը կասկածյալների ցուցակը։
Նրանց համաձայն, հարձակումը նպատակ է ունեցել վնասվածքներ հասցնել հնարավորինս մեծ թվով օտարերկրացիների։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախնական հետաքննության արդյունքներով, ահաբեկչական այս հարձակման հետ Չեչնիայի անջատողականներն առնչություն չունեն։