Լիբիայում այրվում են կառավարական շենքերը

Լիբիայում այրվում են կառավարական շենքերը

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ընդդիմության եւ երկրի անվտանգության ուժերի ու կառավարության կողմնակիցների միջեւ սկսվել են բախումներ։ Քաղաքում այրվում են կառավարական բազմաթիվ շենքեր, կրակի է մատնվել նույնիսկ խորհրդարանի շենքը։

Վերջին հաղորդագրությունների համաձայն, Լիբիայում սաստկանում են խռովությունները՝ ընդդեմ երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի։

Լիբիայի երկրորդ գլխավոր քաղաք Բենգազիից ստացվող հաղորդագրությունների համաձայն, ցուցարարները տոնում են քաղաքում իրենց հաստատած վերահսկողությունը։

Քադաֆիի որդի Սայֆ ալ-Իսլամը, կիրակի օրը հանդես գալով պետական հեռուստատեսությամբ, ասել է, որ իր հայրը երկրի զինված ուժերի աջակցությամբ մնում է երկրի ղեկավարը։ Վերջինս խոստացել է, որ իշխանության ղեկին մնալու համար կառավարությունը պայքարելու է «մինչև վերջին փամփուշտը»։

Լիբիայի հզոր Վարֆալահ ցեղախմբի ներկայացուցիչները կիրակի օրը հայտնել են ընդդիմությանը միանալու և Քադաֆիի դեմ հանդես գալու մասին։ Լիբիայի մի քանի դիվանագետ, որպես բողոք կառավարության կողմից գործադրվող բռնությունների, լքել են իրենց պաշտոնները։ Նրանց թվում են Արաբական պետությունների լիգայում Լիբիայի ներկայացուցիչը և Հնդկաստանում Լիբիայի դեսպանը։

Ի պատասխան երկրում անցկացվող ցույցերի, երկրում անջատվել են համացանցային կապը և հեռախոսակապի որոշ տեսակներ, ինչը դժվարեցնում է տեղի ունեցող բռնությունների անկախ հաստատումը։ Լրատվական կազմակերպություններին սակայն հաջողվում է զրուցել երկրում գտնվող վկաների հետ արբանյակային հեռախոսներով և կապի այլ միջոցներով։

ԱՄՆ-ից գործող «Human Rights Watch» կազմակերպության տվյալներով, Լիբիայում տեղի ունեցող խռովությունների հետևանքով զոհվել է 233 մարդ՝ հիմնականում Բենգազի քաղաքում։