Լիբիայի հատուկ ուժերի կողմից ցուցարարների դեմ մի քանի քաղաքներում իրականացված գործողությունների պատճառով զոհվել է առնվազն 84 մարդ։
Հատուկ ուժերը գրոհել են Բենգազի քաղաքի դատարանի առջև հիմնադրված վրանային ճամբարը՝ արցունքաբեր գազ կիրառելով այնտեղ հավաքված ցուցարարների դեմ։
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ցուցարարների մեծամասնությունը սպանվել է մարտական փամփուշտներից ստացած վերքերից։
Լիբիայից ստացվող հաղորդագրությունների համաձայն, շաբաթ առավոտյան երկրում անջատվել է համացանցային կապը՝ ի պատասխան արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի, որոնց մասնակիցները պահանջում են երկրի ղեկավար Մուամար Ղադաֆիի հրաժարականը։
«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է Լիբիայից իր հեռարձակումներն արգելափակելու մասին։
Ղադաֆին փորձել է թուլացնել բողոքի ցույցերը՝ կրկնապատկելով պետական ծառայողների աշխատավարձերը և բանտերից ազատելով մահմեդական 110 զինյալների։