Լիբիայի Բենգազի քաղաքի հյուրանոցներից մեկում անցկացվում է Աֆրիկյան պետությունների ղեկավարների հանդիպումն ապստամբների հետ, որի ընթացքում նրանց ներկայացվել է զինադադարի այն ծրագիրը, որին իր համաձայնությունն արդեն տվել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին:
Աֆրիկյան Միության պաշտոնատար անձանց համաձայն, բացի անհապաղ զինադադար հայտարարելուց, առաջարկությունը հորդորում է ապստամբների և կառավարության միջև բանակցությունների անցկացումը, Լիբիայում գտնվող օտարերկրացիների պաշտպանությունը և քաղաքացիական անձանց մարդասիրական օգնության ցուցադրումը:
Ապստամբների առաջնորդները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի նրանք քննարկելու են առաջարկությունը` շարունակելով պնդել, որ Քադաֆին պետք է հրաժարական ներկայացնի: Լիբիայի կառավարությունը սակայն ասել է, որ այս տարբերակն ընդունելի չէ:
Հարավային Աֆրիկայի, Մավրիտանիայի, Մալիի, Կոնգոյի և Ուգանդայի նախագահները և ներկայացուցիչները Բենգազի ժամանելուց առաջ մի քանի ժամ շարունակվող հանդիպում են անցկացրել Քադաֆիի հետ Տրիպոլիում գտնվող իր նստավայրում:
Հարավային Աֆրիկայի նախագահ Ջեյկոբ Զուման կոչ է արել ՆԱՏՕ-ին դադարեցնել Քադաֆիի ուժերի վրա կատարվող օդային հարձակումները` «զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն թողնելու համար»:
ՆԱՏՕ-ի կողմից կիրակի օրն իրականացված օդային հարձակումները հետ են մղել Լիբիայի կառավարությանը հավատարիմ ուժերը Աջդաբիա քաղաքից` թույլ տալով ապստամբների ուժերին վերականգնել վերահսկողությունն այս քաղաքի նկատմամբ: