Նիգերի արդարադատության նախարարի համաձայն, Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդիներից մեկն անցել է այս պետության տարածք:
Երկրի ներքին գործերի նախարար Մարու Ադամուն կիրակի օրը հայտնել է, որ Քադաֆիի որդի Սաադին ձերբակալվել է՝ Լիբիայի հարավային հարևան պետություն տասը անձի ուղեկցությամբ մուտք գործելուց հետո:
Այս ընթացքում Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի դեմ պայքար մղող մարտիկները կիրակի օրը հայտնել են Բանի Վալիդ քաղաքի մի քանի մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Նրանց համաձայն, Քադաֆիին հավատարիմ ուժերը դեռևս պայքար են մղում՝ քաղաքի կենտրոնը չհանձնելու նպատակով: Մարտի ընթացքում Քադաֆիի ուժերի դեմ պայքարող մարտիկների օգնության են հասել թարմ ուժեր, որոնց շարունակել են աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի ռազմական օդանավերը:
ՆԱՏՕ-ի փոխանցմամբ, դաշինքի ռազմական ինքնաթիռները Բանի Վալիդ քաղաքի մոտակայքում կիրակի օրը ոչնչացրել են հրթիռային բազմաթիվ կայանքներ, մեկ հրասայլ և զրահապատ երկու մեքենա: Բացի դրանից, ՆԱՏՕ-ն իրականացրել է Սիրթ և Սաբհա քաղաքում Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերի թիրախների ռմբակոծություն:
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հայտնել է Բանի Վալիդ քաղաքի գրոհը սկսելու մասին ուրբաթ օրը, երբ Քադաֆիին հավատարիմ ուժերը հրթիռային հուժկու կրակ բացեցին Խորհրդի զորքերի դիրքերի ուղղությամբ:
Քադաֆիի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Շաբաթ օրվա երեկոյան Գվինեա Բիսաուի վարչապետն ասել է, թե իր երկիրը ցանկանում է ապաստան տրամադրել Լիբիայի վտարված առաջնորդին, եթե վերջինս ցանկանա ժամանել Արևմտյան Աֆրիկայում գտնվող այս երկիր: