Մատչելի հղումներ

Ինտերպոլը Քադաֆիին ձերբակալության կարգադրություն է տվել


Ինտերպոլը Քադաֆիին ձերբակալության կարգադրություն է տվել
Ինտերպոլը Քադաֆիին ձերբակալության կարգադրություն է տվել

Ինտերպոլը Քադաֆիին մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով ձերբակալելու կարգադրություն է տվել:

Այս կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, թե «կարմիր ծանուցում» է տվել Քադաֆիի, իր որդի Սայիֆ ալ-Իսլամի և հետախուզական ծառայության նախկին պետ Աբդուլլահ ալ-Սենուսսի ձերբակալության համար, և դիմել է իր անդամ 188 պետություններին՝ նշված անձանց գտնվելու վայրը պարզելու և նրանց ձերբակալելու համար:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը Քադաֆիին «փախուստի դիմած հանցագործ» է անվանել՝ հավելելով, որ ձերբակալության կարգադրությունը կօգնի սահմանափակել միջազգային սահմաններն անցնելու վերջինիս հնարավորությունը:

Սիրիայի հեռուստաընկերություններից մեկը հինգշաբթի օրը հեռարձակել էր ձայնային մի ուղերձ, որը ենթադրաբար արվել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից: Ուղերձում Քադաֆին հերքել է Լիբիայից դեպի Նիգեր անցած շարասյան հետ երկրից փախուստի դիմելու մասին լուրերը և ասել, որ իր կողմնակիցները կհաղթեն ՆԱՏՕ-ն և պատրաստ են երկրի մայրաքաղաք Տրիպոլիում մարտեր վարել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ուժերի հետ:

Լիբիայի անցումային կառավարության նախագահը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի ազատագրմանն ուղղված պայքարը դեռ չի ավարտվել, և երկիրը պետք է միավորվի՝ վեց ամիս տևած քաղաքական պատերազմից հետո վերականգնվելու համար:

Մայրաքաղաք Տրիպոլիում իր ուղերձով հանդես եկած Անցումային ազգային խորհրդի առաջնորդ Մահմուդ Ջիբրիլն ասել է, որ Լիբիայի հարավում դեռևս կա մի քանի քաղաք, որոնք վերահսկում են Քադաֆիին հավատարիմ մնացող ուժերը: Նա ասել է, որ կառավարություն հնարավոր կլինի կազմել միայն այն ժամանակ, երբ ավարտվեն մարտերը և երկիրը վերջնական «ազատագրվի»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրն ասել է, որ Լիբիայում անցումային գործընթացին հետադարձ չկա, և Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակելու է իր աջակցությունը տրամադրել Լիբիայի ժողովրդին:

XS
SM
MD
LG