Սիրիայի հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել է ձայնային մի ուղերձ, որը ենթադրաբար արվել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից: Ուղերձում Քադաֆին հերքել է Լիբիայից դեպի Նիգեր անցած շարասյան հետ երկրից փախուստի դիմելու մասին լուրերը:
«Ալ-Ռաի Թի-Վի» հեռուստաընկերությամբ հինգշաբթի հեռարձակված ուղերձում Քադաֆին «կեղծիք» է անվանել իր փախուստի մասին լուրերը՝ ասելով, որ դրանք ուղղված են իր կողմնակիցների «մարտական ոգին ոչնչացնելուն»:
Քադաֆին ասել է նաև, որ իր կողմնակիցները կհաղթեն ՆԱՏՕ-ն և պատրաստ են երկրի մայրաքաղաք Տրիպոլիում մարտեր վարել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ուժերի հետ:
Լիբիայի անցումային ազգային խորհուրդը Նիգեր է ուղարկել իր հանձնակատարներին՝ ցանկանալով թույլ չտալ, որ այս երկրի տարածք անցնելու պատճառով Քադաֆին ու իր շրջապատը խուսափեն արդարադատությունից:
Քադաֆիի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, և Նիգերի իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի նախկին ղեկավարն այդ երկրի տարածք չի անցել:
Նիգերի պաշտոնատար անձանց համաձայն, իրենց գործողությունները համաձայնեցվում են Լիբիայի Անցումային ազգային խորհրդի հետ, և այս երկրի տարածք վերջերս անցած շարասյունը շատ ավելի փոքր էր, քան հաղորդվել է:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ԱՄՆ-ը հորդորել է հյուսիսաֆրիկյան պետություններին ուժեղացնել սահմանների հսկողությունը, ձերբակալել Քադաֆիի կառավարության փախուստի դիմող պաշտոնատար անձանց և բռնագանձել իրենց մոտ հայտնաբերվող ֆինանսական միջոցները:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, Լիբիայի տարածքից փախուստի դիմած մեծ շարասյան մասին լուրերը «չափազանցված» են եղել: