Սերբերը մասամբ ապամոնտաժել են խոչընդոտները Կոսովոյի ճանապարհներից

Սերբերը մասամբ ապամոնտաժել են խոչընդոտները Կոսովոյի ճանապարհներից

Կոսովոյում բնակվող սերբերը մասամբ ապամոնտաժել են Կոսովոյի ճանապարհներին կառուցված ՆԱՏՕ-ի խաղաղապահների տեղաշարժը սահմանափակող խոչընդոտները:

Սերբերն ազատել են ճանապարհի մեկ գիծը, որպեսզի խաղաղապահ ուժերը կարողանան փոխարինել ծառայողներին և անհրաժեշտ պաշարներ հասցնեն իրենց ծառայությունն իրականացնող խաղաղապահներին:

Կոսովոյի սերբերի ներկայացուցիչ Սլավիսա Ռիստիչը հայտնել է սակայն, որ իրենք նախատեսում են պահպանել վերահսկողությունը երթևեկությունն արգելափակող բարիկադների նկատմամբ` ազգությամբ ալբանացի մաքսային աշխատողների ներկայությունը կանխելու նպատակով:

ՆԱՏՕ-ի կողմից սերբերին խոչընդոտներն ապամոնտաժելու մասին ներկայացված վերջնաժամկետը սերբերի կողմից անտեսելուց հետո խաղաղապահների կողմից բարիկադները վերացնելու փորձը վերածվել էր լարված դիմակայության:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանական կառավարության իշխանությունը չճանաչող էթնիկ սերբերն արգելափակել են սահմանային անցումը՝ ապրանքների և ծառայությունների շարժը դադարեցնելու նպատակով:

Այս տարվա հուլիսին Կոսովոյի ոստիկանության կողմից բարիկադները վերացնելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել էր ծագումով ալբանացի ոստիկաններից մեկը, վնասվածքներ էր ստացել մի քանի մարդ:

Կոսովոյի հյուսիսում ապրում է մոտ 40 հազար ազգությամբ սերբ բնակիչ, որոնք մի քանի քաղաքում մեծամասնություն են կազմում: Նրանք հրաժարվում են 2008 թվականին Սերբիայից միակողմանի անկախություն հռչակած Պրիշտինայի կառավարության իշխանությունը ճանաչելուց: