Միլանի դատարանը հրաժարվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին հարկային խարդախությունների և գույքի յուրացման մեղադրանքներ ներկայացնել վարչապետին պատկանող «Mediaset» ընկերության դատական գործով:
Գործի հիմքում ընկած է Բերլուսկոնիին պատկանող «Mediaset» ընկերության կողմից հեռուստահաղորդումների և կինոնկարների իրավունքների օֆշորային ընկերությունների միջոցով գնման և հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով դրանց արժեքի միտումնավոր սխալ հայտարարագրման հանգամանքը։
Միլանի դատարանը սակայն մեղադրանքներ է ներկայացրել Բերլուսկոնիի ավագ որդի Պիեր Սիլվիո Բերլուսկոնիին, «Mediaset» ընկերության Ֆեդելե Կոնֆալոնիերիին, ինչպես նաև մի քանի այլ պատասխանողի:
Իտալիայի դատական մարմինների աղբյուրների համաձայն, դատական այս գործում ներգրավված մեղադրող կողմը նախատեսում է բողոքարկել վարչապետի վրայից մեղադրանքները հանելու մասին որոշումը:
Բերլուսիոնիի դեմ դեռևս ընթանում է երեք այլ դատավարություն, որոնցից երկուսը վերաբերում են հարկային այլ մեքենայությունների, իսկ երրորդը` անչափահաս մարմնավաճառի հետ սեռական հարաբերություններ ունենալու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով այս հանցագործությունը քողարկելու մեղադրանքով։
Իտալիայի վարչապետը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: