Իրանում մեկնարկել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի զբոսաշրջիկների դատավարությունը

Իրանում մեկնարկել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի զբոսաշրջիկների դատավարությունը

Իրանում մեկնարկել է լրտեսության և 2009 թվականին երկիր անօրինական եղանակով մուտք գործելու մեջ մեղադրվող ամերիկացի երեք զբոսաշրջիկների դատավարությունը։

Կիրակի օրը մեկնարկած դատավարությունը անց է կացվել փակ դռների հետևում։ Դատարանին ներկա չի եղել որևէ դիտորդ, ներառյալ Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպան Լիվիյա Լեու Ագոստին։

Սառա Շուրդը և ամերիկացի երկու այլ զբոսաշրջիկներ` Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսին՝ հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Զբոսաշրջիկները պնդում են, որ սահմանն անցել են պատահմամբ: Սառա Շուրդն ազատ է արձակվել անցյալ տարվա սեպտեմբեր ամսին 500 հազար դոլար գրավի դիմաց և վերադարձել ԱՄՆ։ Իրանի կառավարությունը պահանջել է, որ Շուրդը ներկա գտնվի դատավարությանը, սակայն սպասվում է, որ նրա դատավարությունն անցկացվելու է հեռակա կարգով։

Ամերիկացի զբոսաշրջիկների փաստաբանի կողմից շաբաթ օրն արված հայտարարության համաձայն, նրան չի թույլատրվել հանդիպել Ֆեթլի և Բաուերի հետ՝ դատավարությանը նախապատրաստվելու համար։ Փաստաբանի համաձայն, իր պաշտպանյալները մեղավոր չեն, քանի որ այն տարածաշրջանում, որտեղ նրանք ձերբակալվել են, բացակայում են սահմանը հստակ նշող նշանները։