Իրանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդի որդին

Իրանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդի որդին

Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քառուբիի կայքում տեղադրվել է հաղորդագրություն, որի համաձայն երկրի անվտանգության ուժերը ձերբակալել են իր որդիներից մեկին և կատարել մյուս որդուն ձերբակալելու փորձ։

Կայքում երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, անվտանգության ուժերը մուտք են գործել Ալի Քառուբիի տուն և ձերբակալել նրան և տիկնոջը: Վերջինիս ավելի ուշ ազատ են արձակել։

Իրանի իշխանությունները փորձել են ձերբակալել նաև Հուսեյն Քառուբիին, սակայն նա այդ պահին տանը չի եղել:

Կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, անվտանգության ուժերը երկուշաբթի երեկոյան, մուտք գործելով Մեհդի Քառուբիի տուն, «գրքեր և փաստաթղթեր» են առգրավել։

Իրանի իշխանությունները տնային կալանքի են ենթարկել Մեհդի Քառուբիին և նրա գործընկեր ընդդիմադիր գործիչ Միր Հուսեյն Մուսավիին, որոնք գլխավորում են Թեհրանում փետրվարի 14-ին մեկ տարվա ընթացքում բողոքի ամենախոշոր ցույցը կազմակերպած «Կանաչ շարժում»-ը։

Այս կազմակերպությունը փորձել է նոր ցույցեր անցկացնել կիրակի օրը, սակայն Իրանի անվտանգության ուժերը խոչընդոտել են ընդդիմադիրների ջանքերը։