Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քննադատել է Լիբիայում ցուցարարների սպանությունները՝ «աներևակայելի» անվանելով այս երկրի իշխանությունների կողմից կատարվող գործողությունները։
Ահմադինեջադը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ արաբական պետությունների ղեկավարները պետք է «ականջ դնեն ժողովրդի ձայնին», և իր զարմանքն է արտահայտել, թե ինչպես պետության ղեկավարներն իրենց քաղաքացիների դեմ կարող են հրասայլեր ուղղել, ռումբեր և գնդացիրներ օգտագործել։
Բացի այդ, Իրանի նախագահը հայտնել է, որ իր կանխատեսումների համաձայն, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող խռովությունները տարածվելու են նաև այլ մայրցամաքներ՝ ներառյալ Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա։
Այս ամսվա սկզբին անցկացված բողոքի ցույցերի ընթացքում ցուցարարների դեմ բռնություններ էր գործադրել Իրանի կառավարությունը։ Գործողությունների արդյունքում զոհվել էր առնվազն երկու ցուցարար։
Բացի այդ, Իրանի ոստիկանությունն ու կիսառազմականացված ստորաբաժանումները ուժ էին գործադրել 2009 թվականին Ահմադինեջադի վերընտրության դեմ անցկացրած բողոքների ցույցերը դադարեցնելու համար։