Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ միջուկային վեճը լուծելուն ուղղված քայլեր ձեռնարկել»

Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ միջուկային վեճը լուծելուն ուղղված քայլեր ձեռնարկել»

«Իրանը պատրաստ է քայլեր ձեռնարկել Արևմուտքի հետ միջուկային վեճը լուծելու համար այն դեպքում, եթե միջազգային հանրությունն իր հերթին փոխադարձ քայլեր ձեռնարկի»։

Այս հայտարարությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես է եկել հինգշաբթի օրը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից այն առաջարկության, որով նախատեսվում է քայլ առ քայլ վերսկսել միջուկային ծրագրի շուրջ Իրանի բանակցությունները աշխարհի վեց տերությունների հետ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից անցյալ շաբաթ ներկայացված առաջարկի համաձայն, Իրանը պետք է լուծումներ գտնի ՄԱԿ-ի միջուկային գործակալության մտահոգություններին, ինչին ի պատասխան աստիճանաբար կհանվեն երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

Ահմադինեջադն ասել է նաև, որ Իրանն արդեն իսկ ձեռնարկել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությանն ուղղված քայլեր, և այժմ եկել է միջազգային հանրության կողմից պատասխան քայլեր ձեռնարկելու ժամանակը։

ՄԱԿ-ի միջուկային գործակալությունը սակայն հայտնել է, որ Իրանն արդեն մի քանի տարի չի համագործակցում Արևմուտքի կողմից միջուկային ծրագիրը ռազմական նպատակներով օգտագործման մեղադրանքները հետաքննելու գործում՝ պնդելով, որ միջուկային իր ծրագիրը հետապնդում է զուտ խաղաղ նպատակներ։

Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ ներկայացուցիչ պետությունների և Գերմանիայի միջև անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Ժնևում և այս տարվա հունվարին Ստամբուլում կայացած բանակցություների արդյունքում որևէ առաջընթաց չի գրանցվել։