Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններն աշխարհի տերությունների հետ հնարավոր կլինի անցկացնել հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։
Այս մասին հայտարարությամբ Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին հանդես է եկել շաբաթ օրը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ասել է, որ այդ ժամանակ Իրանը պատրաստ կլինի վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի խմբի հետ:
Երկու շաբաթ առաջ Մոթաքին հայտնել էր Չինաստանի արտաքին գործերի նախարարին, թե իր երկիրը պատրաստ է վերսկսել բանակցություններն այն դեպքում, եթե ճանաչվի միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքը։
ԱՄՆ–ը և այլ պետություններ կասկածներ ունեն, որ Իրանի միջուկային ծրագիրն ուղղված է միջուկային զենք ստեղծելուն։ Իրանը ժխտում է այդ մեղադրանքները։