Մատչելի հղումներ

Իրանը պատրաստ է անցկացնել «արդար» բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ


Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին հանդես է եկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին հայտարարությամբ:

Մոթաքին Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ջիեչիին հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Վիեննայի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ, որը հայտնի է որպես «P5+1» խումբ: Սակայն Մոթաքին ասել է, որ բանակցությունների հաջող ընթացքի համար դրանք պետք է լինեն «արդար», և դրանց ընթացքում պիտի ճանաչվի միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքը:

Իրանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ հանդիպել են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքների շրջանակում, սակայն Մոթաքիի մեկնաբանությունները չէին հրապարակվել մինչև հինգշաբթի օրը:

Ավելի վաղ` չորեքշաբթի օրը «P5+1» խումբը հայտարարել է, որ վերսկսել է աշխատել Իրանի հետ` «բանակցությունների միջոցով վաղ լուծում» գտնելու ուղղությամբ: Խումբը հայտարարել է, որ ցանկանում է Թեհրանի հետ վերսկսել անցյալ տարի առաջարկված միջուկային վառելիքի փոխանակման մասին երկխոսությունը:

XS
SM
MD
LG