Իրանի նախագահ. «Ամերիկացի բանտարկյալները պետք է ապացուցեն իրենց անմեղությունը»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասում է, որ Իրանի բանտում դեռևս գտնվող ամերիկացի երկու զբոսաշրջիկները պետք է ապացուցեն, որ չէին եկել Իրան հանցագործություն կատարելու նպատակով:

«Էն Բի Սի» հեռուստաընկերությանը չորեքշաբթի օրը տված հարցազրույցում Իրանի նախագահը նշել է, որ չի միջամտելու այս գործընթացին, և զբոսաշրջիկների հետագա ճակատագիրը պետք է որոշի դատարանը:

ԱՄՆ-ի քաղաքացիներ Շեյն Բաուերին և Ջոշ Ֆեթլին ներկայացվում է լրտեսության մեղադրանք: Նրանք ձերբակալվել էին 2009 թվականին` զբոսաշրջության ընթացքում Իրաքից Իրանի սահմանն անցնելուց հետո:

Ճանապարհորդությանը նրանց ուղեկցած Սառա Շուրդը երեքշաբթի օրն ազատ էր արձակվել 500 հազար դոլար գրավի դիմաց և այժմ գտնվում է Օմանում, որտեղ անցնում է բժշկական հետազոտություն: «Ասոշիեյթիդ փրես» գործակալության համաձայն, Օմանից մեկնելուց առաջ Սառա Շուրդը հանդիպելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման ժամկետը դեռ հայտի չէ:

Սառա Շուրդին ազատ արձակելու խնդրանքով դիմել էր իր մայրը` ասելով, որ դուստրն ունի առողջական լուրջ խնդիրներ:

Իրանի նախագահ Ահմադինեջադն ասել է, որ Սառա Շուրդն ազատ է արձակվել մարդասիրական նկատառումներով: