Իրանը պատրաստ է ուսումնասիրել դավադրության մեղադրանքները

Իրանը պատրաստ է ուսումնասիրել դավադրության մեղադրանքները

Իրանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրելու Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության վերաբերյալ իրենց ներկայացվող մեղադրանքները:

Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ երկրի արտաքին գործերի նախարար Ալի-Աքբար Սալեհին կոչ է արել Միացյալ Նահանգներին ներկայացնել գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Միացյալ Նահանգների կողմից ներկայացվող մեղադրանքները հերքվում են Իրանի իշխանությունների կողմից: Երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կիրակի օրը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից քաղաքական կամ այս երկրի անվտանգությանը վերաբերող «անհամապատասխան որևէ քայլին, որին կարող է դիմել Միացյալ Նահանգները, Իրանն արժանի պատասխան կներկայացնի»:

Խամենեին ասել է նաև, թե իր Իրանին ներկայացվող մեղադրանքների միջոցով Միացյալ Նահանգները փորձում է շեղել ուշադրությունը երկրի ներսում առկա ֆինանսական խնդիրներից և բողոքի ցույցերից:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի օրն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «իրանցիները քաղաքակիրթ ժողովուրդ են, որոնք չունեն մահափորձի դիմելու կարիքը»:

ԱՄՆ-ի հետախուզական խնդիրներով զբաղվող սենատոր Դայանա Ֆայնստայնը կիրակի օրը հայտնել է ամերիկյան «Ֆոքս Նյուզ» գործակալությանը, որ Միացյալ Նահանգները բավարար ապացույցներ ունի Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության դավադրության մեջ Իրանի էլիդար «Քադս» ստորաբաժանման ներգրավված լինելու մասին:

Ֆայնստայնը հավելել է, որ «Քադս» ստորաբաժանումը պատասխանատվություն է կրում ահաբեկչական մի շարք հարձակումներ ծրագրելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն անցյալ երեքշաբթի օրը մեղադրել էր Իրանի անձնագիր ունեցող ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի Մանսոր Արբաբսիարին և Ղոլամ Շաքուրիին, որը Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամ է, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեիրի վրա մահափորձ կատարելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի համաձայն, դավադրությունը «ծրագրվել, հովանավորվել և ուղղորդվել» էր Իրանից:

Իրանի իշխանությունները կտրականապես հերքել են մահափորձի նախապատրաստության մեջ որևէ դեր ունենալու հանգամանքը: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ էր հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր «զայրույթը» ԱՄՆ-ի մեղադրանքներով և անվանելով դրանք «քաղաքական շարժառիթներ ունեցող պատերազմի կոչեր և քարոզչություն»: