ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը պարտավորվել են «ուժեղ և համատեղ» արձագանք տալ Իրանի կառավարության որոշ տարրերի կողմից Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձի դավադրությանը:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նախագահ Օբաման և թագավորն իրենց միջև ունեցած հեռախոսազրույցում դավադրությունը «միջազգային օրենքի կոպիտ խախտում» են անվանել և խոստացել «պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ իրենց գործողությունների համար»:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը բացահայտված այս դավադրությունը «Իրանի կողմից արդեն երկար ժամանակ կիրառվող քաղաքական բռնությունների և ահաբեկչության հովանավորության գործելակերպի վտանգավոր ակտիվացում» է անվանել:
ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, Միացյալ Նահանգներն աշխատելու է իր միջազգային գործընկերների հետ՝ Իրանի մեկուսացումը և այս երկրի կառավարության վրա գործադրվող ճնշումն ավելացնելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը երեքշաբթի օրը մեղադրել է Իրանի անձնագիր ունեցող ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի Մանսոր Արբաբսիարին և Ղոլամ Շաքուրիին, որը Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամ է, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեիրի վրա մահափորձ կատարելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:
Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի համաձայն, դավադրությունը «ծրագրվել, հովանավորվել և ուղղորդվել» է Իրանից: Հոլդերը խոստացել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի Իրանի կառավարությանը:
Իրանի իշխանությունները կտրականապես հերքել են մահափորձի նախապատրաստության մեջ որևէ դեր ունենալու հանգամանքը: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր «զայրույթը» ԱՄՆ-ի մեղադրանքներով և անվանելով դրանք «քաղաքական շարժառիթներ ունեցող պատերազմի կոչեր և քարոզչություն»:
ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, Արբաբսիարը վարձել է ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության իրազեկիչներից մեկին՝ հավատացած լինելով, որ վերջինը կապեր ունի Մեքսիկայի թմրամիջոցների կարտելների հետ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը:
Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, Արբաբսիարը խոստովանել է, որ դավադրություն իրականացնելու համար կատարել է 100 հազար դոլարի կանխավճար, իսկ հաջող իրականացման դեպքում խոստացել է վճարել 1,5 միլիոն դոլար:
Արբաբսիարը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում սեպտեմբերի 29-ին, սակայն Շաքուրին դեռ գտնվում է ազատության մեջ: