Մատչելի հղումներ

Նախագահ Օբամա. «Իրանի դեմ կիրառվելու են ամենախիստ պատժամիջոցները»


Նախագահ Օբամա. «Իրանի դեմ կիրառվելու են ամենախիստ պատժամիջոցները»
Նախագահ Օբամա. «Իրանի դեմ կիրառվելու են ամենախիստ պատժամիջոցները»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Իրանի պաշտոնատար անձանց այն մասին, որ նրանց դեմ կիրառվելու են «ամենախիստ պատժամիջոցները»՝ Միացյալ Նահանգներում Սաուդյան Արաբիայի դեսպանի մահափորձին հանցակցելու համար:

Նախագահ Օբաման հինգշաբթի օրը հադես է եկել Վաշինգտոնում՝ ասելով, որ Իրանի կառավարության «ամենաբարձր մակարդակի» պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն «այս արտառոց դավադրության համար, որը վտանգավոր և անխոհեմ վարքագծի մաս է կազմում:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն այս ընթացքում հաստատել է լուրերն այն մասին, որ Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք «անմիջական կապ են հաստատել» Իրանի կառավարության հետ՝ վերջինիս ներկայացվող մեղադրանքների պատճառով:

Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են դեռևս 1980 թվականին:

Սաուդյան Արաբիան ավելի վաղ մեղադրել է Իրանին «սպանությունների և կեղտոտ արարքների միջոցով» միջազգային ասպարեզում ազդեցություն ձեռք բերելու փորձեր կատարելու մեջ: Այս երկրի արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆայսալի համաձայն, Սաուդյան Արաբիան «համաչափ պատասխան» է մշակում: Ալ-Ֆայսալն ասել է, թե իր պետությունը տեղի չի տալու Իրանի կողմից գործադրվող ճնշման և պատասխանատվության է ենթարկելու Թեհրանին՝ Սաուդյան Արաբիայի շահերի դեմ ցանկացած գործողություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը երեքշաբթի օրը մեղադրել է Իրանի անձնագիր ունեցող ԱՄՆ-ի հպատակագրված քաղաքացի Մանսոր Արբաբսիարին և Ղոլամ Շաքուրիին, որը Իրանի զինված ուժերի էլիտար «Քադս» ստորաբաժանման անդամ է, ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեիրի վրա մահափորձ կատարելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի համաձայն, դավադրությունը «ծրագրվել, հովանավորվել և ուղղորդվել» է Իրանից: Հոլդերը խոստացել է, որ Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի Իրանի կառավարությանը:

Իրանի իշխանությունները կտրականապես հերքել են մահափորձի նախապատրաստության մեջ որևէ դեր ունենալու հանգամանքը: ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ արտահայտելով իր «զայրույթը» ԱՄՆ-ի մեղադրանքներով և անվանելով դրանք «քաղաքական շարժառիթներ ունեցող պատերազմի կոչեր և քարոզչություն»:

ԱՄՆ-ի իշխանությունների համաձայն, Արբաբսիարը վարձել է ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության իրազեկիչներից մեկին՝ հավատացած լինելով, որ վերջինը կապեր ունի Մեքսիկայի թմրամիջոցների կարտելների հետ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը:

Միացյալ Նահանգների իշխանությունների համաձայն, Արբաբսիարը խոստովանել է, որ դավադրություն իրականացնելու համար կատարել է 100 հազար դոլարի կանխավճար, իսկ հաջող իրականացման դեպքում խոստացել է վճարել 1,5 միլիոն դոլար:

Արբաբսիարը ձերբակալվել է Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում սեպտեմբերի 29-ին, սակայն Շաքուրին դեռ գտնվում է ազատության մեջ:

XS
SM
MD
LG