Հունաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը կոչ է արել ստեղծել անցումային կառավարություն` վաղաժամկետ ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու նպատակով, որի նպատակն է` թույլ չտալ երկրի վարչապետ Գեորգիուս Պապանդրեուին հանրաքվեի դնել Եվրոպական Միության ֆինանսական օգնության հարցը:
Անտոնիոս Սամարասը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի անցումային կառավարության միակ նպատակը կլինի վաղաժամկետ ընտրությունների անհապաղ անցկացումը` Եվրոպական Միության պետությունների ղեկավարների կողմից անցյալ շաբաթ ձևավորված ֆինանսական օգնության ծրագիրը վավերացնելու նպատակով:
Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հորդորել է իր հայրենակիցներին հանրաքվեի դնել Եվրոպական պետությունների կողմից մշակված պարտքի ճգնաժամը հաղթահարելու ծրագիրը, որի արդյունքում հնարավոր է, որ Հունաստանը կդառնա եվրոն որպես պետական արժույթ օգտագործելուց հրաժարված առաջին երկիրը:
Հունաստանում կայանալիք հանրաքվեին քվեարկողներին ներկայացվող հարցը դեռևս չի ձևավորվել, սակայն ինչպես Հունաստանի, այնպես էլ եվրոպական այլ պետությունների պաշտոնատար անձինք ասում են, որ քվեարկությանը դրվող հարցը կարելի է պարզեցնել` հարցնելով քվեարկողներին, արդյոք երկիրը ցանկանում է մնալ եվրոն որպես ազգային արժույթ օգտագործող 17 պետությունների շարքում:
Ուսումնասիրությունների համաձայն, քվեարկողները ցանկանում են, որ երկիրը մնա եվրոյի գոտում, սակայն նրանք նաև իրենց զայրույթ են արտահայտում պետական պարտքի կարգավորման ծրագրով, որի համաձայն պահանջվում է, որ Հունաստանից մի քանի տարվա ընթացքում իրականացնի ֆինանսական խիստ խնայողության միջոցներ, ինչի դիմաց երկրին ներվելու է պարտքի 140 միլիարդ դոլար կազմող մի մասը:
Եվրոյի գոտուց հեռանալը կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ ինչպես Հունաստանի, այնպես էլ եվրոպական այլ պետությունների համար: Այն կարող է մեծ հարված հասցնել Հունաստանի բանկերին, ֆինանսապես կործանարար հետևանքներ ունենալ` երկրի 500 միլիարդ դոլար կազմող պետական պարտքով պարտավորությունները չկատարելու պատճառով, և երկրի արժեզրկված արժույթի` դրահմի օգտագործման վերադարձի: Միջազգային ֆինանսական շուկաներում Հունաստանի պարտատոմսերն այլևս չեն գնվելու, ինչի արդյունքում երկրում կձևավորվի կանխիկ դրամի պակաս:
Հունաստանի կողմից այլ պետությունների բանկերի նկատմամբ պարտավորությունները չկատարելու դեպքում այդ բանկերը նույնպես կարող են մեծ և անմիջական վնասներ կրել, ինչի պատճառով կարող են կրկնվել միջազգային տնտեսական ցնցումները` արդյունքում առաջացնելով միջազգային տնտեսական անկման նոր փուլ: