Ինչպե՞ս կանգնեցնել Պուտինին

Կրեմլ` Մոսկվա, Ռուսաստան

Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե ինչը կարող է դրդել Կրեմլին գնալ խաղաղության։

ԱՄՆ-ն մտադիր է մոտ ապագայում Ուկրաինային հատկացնել 225 միլիոն դոլարի ռազմական նոր օգնություն՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Time հանդեսի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղությունը նշանակում է «վստահություն, որ Ռուսաստանը երբեք, երբեք և երբեք այլևս չի բռնազավթի [ուկրաինական հողերը]»։

Սպիտակ տան ղեկավարը, միաժամանակ, նշել է, որ ասվածից չի բխում, թե Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։

«Սա նշանակում է, որ մենք [Ուկրաինայի հետ] ունենք նույն հարաբերությունները, ինչ ունենք այլ երկրների հետ, որոնց զենք ենք մատակարարում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է՝ Արևմուտքը չպետք է թույլ տա, որ Ուկրաինան պարտվի, քանզի այն կհանգեցնի անկայունության՝ Ռուսաստանին ու Բելառուսին սահմանակից երկրների համար։

Time-ի հետ զրույցում Բայդենը անընդունելի է համարել տեսակետը, թե օգնելով Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ն հայտնվել է Ռուսաստանի հետ պատերազմի տանող ուղու վրա․ «Մենք կհայտնվենք պատերազմի ուղու վրա, եթե ոչինչ չանենք Ուկրաինայի համար»:

Տեղափոխվենք ուկրաինական ռազմաճակատ։ Ուկրաինայի զինուժի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախօրեին «բարդ» է որակել Խարկովի մարզի Կուպյանսկ բնակավայրի մերձակայքում ստեղծված իրավիճակը։

Ուկրաինացի բարձրաստիճան զինվորականի խոսքով, ռուսական ուժերը երկու ուղղություններից փորձում են ճեղքել Ուկրաինայի բանակի պաշտպանությունը, ընթանում են թեժ մարտեր, և ռազմաճակատի այդ հատվածում ուկրաինական ուժերին անհրաժեշտ է լրացուցիչ զինամթերք ու մարտունակ պահեստազոր։

Time-ի հետ զրուցում Բայդենը որևէ նորություն չի հայտնել, և այդ հարցազրույցը նախընտրական բնույթ է կրում՝ ասում է քաղաքական հետազոտությունների «Պենտա» կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն։

«Հետևաբար, Բայդենն ընդգծել է ձեռքբերումներն ու հաղթանակները։ Չնայած, իրականում, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Ցավոք, Ուկրաինայում իրավիճակն այնքան էլ դրական չէ, որքան ԱՄՆ նախագահը ներկայացնում է: Ռուսաստանը հեռու է պարտությունից, իսկ պատերազմը չի ավարտվել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Ֆեսենկոն։

Ըստ վերլուծաբանի, այսօր քննարկումները պետք է կենտրոնանան այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է Ռուսաստանին խաղաղություն պարտադրել. «Այս առումով առայժմ ԱՄՆ-ն որևէ սցենար չի առաջարկել։ Բայց Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, և այստեղ լիովին համաձայն եմ Բայդենի հետ, բայց, միևնույն ժամանակ, նրանից չենք լսել, թե ինչպես կանգնեցնել Պուտինին, և ինչ է պատրաստվում անել ԱՄՆ-ն այդ նպատակով։ Սա հիասթափեցնող է: Ինչ վերաբերում է պատերազմից հետո սպասվող հեռանկարին, ապա այն ամբողջությամբ կախված կլինեն նրանից, թե ինչպես կավարտվի առճակատումը առաջնագծում»։

Ուստի, Վլադիմիր Ֆեսենկոյի համաձայն, այժմ ամեն ինչ պետք է անել, որպեսզի պուտինյան զորքերը հոջողությունների չհասնեն. «Այստեղ միայն սպառազինության մատակարարումը բավարար չէ, հատկապես, եթե այն իրականացվում է այնպես, ինչպես նախկինում էր։ Հուսադրող է, որ Բայդենը հասկացրեց՝ ԱՄՆ-ն կշարունակի օգնել Ուկրաինային։ Երախտապարտ ենք Ամերիկային այս աջակցության համար, առանց որի չէինք գոյատևի: Թեև, հանուն օբյեկտիվության հիշենք, որ 2022 թվականին Ռուսաստանը հաջողության չհասավ [մարտի դաշտում]՝ մասամբ սեփական սխալների պատճառով։ Հիշեցնեմ նաև, որ Ուկրաինան պատերազմի առաջին ամիսներին կռվեց առանց Արևմուտքի զգալի ռազմական օգնության։ Ծանր սպառազինություն, այն էլ՝ սահմանափակ ծավալով մեզ սկսեցին մատակարարվել միայն այդ տարվա՝ [2022 թվականի] ամռանը»։

Վերլուծաբանը շարունակեց․ «Հարց է առաջանում՝ եթե մոտ ապագայում Ուկրաինան չանդամակցի ՆԱՏՕ-ին, ապա ի՞նչ պաշտպանիչ մեխանիզմներ են գործելու, ի՞նչն է ընդունակ զսպել Պուտինին։ Կցանկանայի լսել մեր ամերիկացի ընկերներից՝ արդյո՞ք լուծվում է Ուկրաինային Patriot համալիրների մատակարարման հարցը։ Դրանք շտապ անհրաժեշտ են՝ Ուկրաինայի քաղաքները և երկրի էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար»:

Պատերազմում չպարտվելու համար անհրաժեշտ է ԱՄՆ համակարգված ու հետևողական քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ՝ եզրափակեց Ֆեսենկոն։

Հեղինավակոր՝ The Financial Times-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել, և այդ առումով դիտարկվում է Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը։ Հիշեցնենք, այս մասին ավելի վաղ խոսել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Քաղաքական մեկնաբան Յուրի Շուլիպայի ներկայացմամբ, դժվար է չհամաձայնվել Time-ի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահի հնչեցրած որոշ մտքերի հետ․ «[Բայդենն ասում է, թե] կհայտնվենք պատերազմ տանող ուղու վրա, եթե ոչինչ չանենք Ուկրաինայի համար։ Սա նշանակում է ԱՄՆ նախագահի և նրա [գլխավորած] վարչակազմի կողմից այն հանգամանքի ըմբռնումը, որ Մոսկվայի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի և ընդհանրապես՝ ռուսական ագրեսիայի աճը տեղի է ունենում այն պատճառով, որ Ուկրաինային բավարար ծավալի ու ժամանակին սպառազինություն չի մատակարարվում»։

Բայդենի այն խոսքերը, թե Արևմուտքը չպետք է թույլ տա, որ Ուկրաինան պարտվի, արժանի է հատուկ ուշադրության՝ ասուն է Շուլիպան. «Հակառակ դեպքում, Մոսկվան կփորձի գրոհել ՆԱՏՕ-ի անդամ երկրները»։

Ըստ քաղաքական մեկնաբանի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեզը Ուկրաինայի համար խաղաղություն ապահովելու մասին պետք է հասկանալ, որ նպատակն է հասնել ռազմավարական կայունության, երբ Ռուսաստանը չի կարողանա կրկին բռնազավթել Ուկրաինան։ «Սա ենթադրում է ազատագրել Ուկրաինայի բոլոր բռնազավթված տարածքները՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և Մոսկվան պետք է հրաժարվի Ուկրաինայի դեմ հետագա ագրեսիայից։ Միևնույն ժամանակ, Բայդենի հարցազրույցից կարելի է հետևություն անել, որ Ուկրաինան մոտ ապագայում չի անդամակցի ՆԱՏՕ-ին, և սա կասկածի տակ է դնում Հյուսիսատլանտյան դաշինքի «բաց դռների» քաղաքականությունը»։