Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ընտրություններին ընդառաջ նկատվում է ատելության խոսքի, ծայրահեղականության աճ


Ցույցեր ԱՄՆ-ում
Ցույցեր ԱՄՆ-ում

2023 թվականին ԱՄՆ-ում նկատվել է ատելության խոսքի, ծայրահեղականության, սպիտակամորթ ազգայնականների ելույթների և ԼԳԲՏՔ+ համայնքի դեմ ուղղված հայտարարությունների աճ՝ ասված է Southern Poverty Law Center-ի կողմից այս երեքշաբթի հրապարակված զեկույցում:

Ըստ ուսումնասիրության, մասնավորապես, ԼԳԲՏՔ+ համայնքը եղել է ատելության խոսքի և ծայրահեղական դրսևորումների հիմնական թիրախներից։

Զեկույցը նաև փաստում է՝ ատելությամբ լի խոսքը և տարաբնույթ դավադրապաշտական տեսությունները բացասաբար ազդեցություն են թողել ներգաղթյալների, տարբեր էթնիկ պատկանելիություն ունեցող մարդկանց և հավատացյալ փոքրամասնությունների վրա:

«Ծայրահեղականները, ովքեր դեմ են ներառական ժողովրդավարությանը, անցած տարի ջանքեր են գործադրել՝ լեգիտիմացնելու խռովությունը, ատելության խոսքը ներկայացնելու որպես բարոյական խրատ, դավադրապաշտական տեսությունները՝ որպես իրական պատմություններ, ահա, նրանք բոլորը պատրաստվում են, իմ կարծիքով, մեր պատմության ամենանշանակալի ընտրություններից մեկին»,- ասում է Southern Poverty Law Center-ի ներկայացուցիչ Ար Ջի Քրավենսը։

Ըստ զեկույցի, ԱՄՆ-ում անցած տարի, ընդհանուր առմամբ, գործել է 835 հակակառավարական խմբավորում՝ 2022 թվականի 702-ի համեմատ:

Աճ է գրանցվել նաև, այսպես կոճված, ատելություն քարոզող խմբերի գծով․ անցած տարի դրանց թիվը հասել է 595-ի՝ 2022 թվականի 523-ի համեմատ:

Ըստ Քրավենսի, նման խմբերը սկսել են ներթափանցել ամերիկյան քաղաքականություն՝ հատուկ նպատակով:

«Բազմակարծությունը սահմանափակելը նույնն է, ինչ սահմանափակել մասնակցությունը: Դա ժողովրդավարությունը սահմանափակելն է»,- ասում է Քրավենսը:

Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախընտրական քարոզարշավում իրեն ներկայացնում է որպես միակ թեկնածու, ով վճռականորեն դեմ է ատելության խոսքին։

«Թույլ չեմ տա Դոնալդ Թրամփին Ամերիկան վերածել մի երկրի, որը չի հավատում ազնվությանը, պարկեշտությանը և մարդկանց նկատմամբ հարգանքին: Անիծված կլինեմ, եթե թույլ տամ Դոնալդ Թրամփին Ամերիկան վերածել ատելությամբ լի մի երկրի»,- ասում է Բայդենը:

Ժամանակին Թրամփը քննադատության արժանացավ, երբ 2017 թվականին Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլ քաղաքում՝ սպիտակամորթ ազգայնականների հանրահավաքի մասնակիցների ու նրանց ընդդիմախոսների միջև բախումների ժամանակ մեղադրեց երկու կողմին էլ:

Այդ հանրահավաքի ժամանակ սպիտակամորթ ծայրահեղականներից մեկը միտումնավոր իր մեքենան վարեց ընդդիմախոսների շարքերը՝ սպանելով մի կնոջ և վիրավորելով ավելի քան 30 հոգու։

Սպիտակ տունն այդ ժամանակ ղեկավարող Թրամփն անդրադարձավ տեղի ունեցածին՝ այն անվանելով «կողմերի ատելության, մոլեռանդության և բռնության ահավոր դրսևորում»:

Հայտնի է նաև Թրամփի աջակցությունը այնպիսի խմբերին, ինչպիսին է «Մայրիկները հանուն ազատության», որը հանդես են գալիս ԼԳԲՏՔ+ համայնքի մասին պատմող գրքերը դպրոցական գրադարաններում արգելելու օգտին և որին Southern Poverty Law Center-ը 2023 թվականին կրկին ցուցակագրել էր որպես ներառական կրթությանը դեմ հանդես եկող «ծայրահեղական խումբ»:

«Ծայրահեղական ձախակողմյան խմբերը զրպարտում են «Մայրիկները հանուն ազատության» [կազմակերպությանը]։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ իբր այն ատելություն տարածող խումբ է»,- ասում է Թրամփը

«Մայրիկները հանուն ազատության» կազմակերպությունը մերժել է հարցազրույց տալու «Ամերիկայի ձայնի» խնդրանքը:

Դիտորդները ընդգծում են, հարկ է, որ ԱՄՆ նախագահական ընտրարշավի թեկնածուները զգույշ լինեն իրենց հռետորաբանության մեջ՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ բռնության որևէ դրսևորում զսպելու համար:

«Բայդենը [կարող է] շարունակել խոսել խաղաղության, նաև, ընդհանրապես, քվեարկության կարևորության մասին։ Նախկին նախագահ Թրամփը բարդ դրության մեջ է, քանի որ, անշուշտ, ավելի մեծ աջակցություն է ստանում, երբ օգտագործում է ծայրահեղական խոսք, ինչի հետևանքով նաև ծայրահեղական է դարձնում այն բնակչությանը, որը կարող է քվեարկել [նրա օգտին]»,- ասում է Ռոջեր Ուիլյամսի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Թեյլ Ռոթշիլդը։

Ռոթշիլդը խորհուրդ է տալիս ամերիկացիներին զգուշանալ սոցցանցերում տարածում գտած դավադրապաշտական տեսություններից, որոնք կարող են խթանել ատելության խոսքն ու ծայրահեղականությունը:

XS
SM
MD
LG