Մատչելի հղումներ

«Համասը» հարաժարվում է աջակցել Բայդենի խաղաղության ծրագրին՝ մինչև Իսրայելը չերաշխավորի մշտական ​​հրադադար


Իսրայելական բանակի տանկերը տեղակայվել են Գազայի հատվածի հետ Իսրայելի հարավային սահմանի տարածքում 2024 թվականի հունիսի 5-ին
Իսրայելական բանակի տանկերը տեղակայվել են Գազայի հատվածի հետ Իսրայելի հարավային սահմանի տարածքում 2024 թվականի հունիսի 5-ին

«Համաս» խմբավորումը հայտարարել է, թե չի կարող համաձայնվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ անցած շաբաթ առաջ քաշած խաղաղության ծրագրին, քանի դեռ Իսրայելը չի ներկայացրել «մշտական ​​հրադադարի» և Գազայից իր զորքերի ամբողջական դուրսբերման նախագիծ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ անցած շաբաթ ներկայացրած Գազայում խաղաղության վերականգնմանն ուղղված առաջարկը խոչընդոտների է բախվել՝ շրջանում իսրայելական զինուժի շարունակվող գործողությունների ֆոնին։

Միջնորդական առաքելություն իրականացնող Կատարը հայտարարել է, թե հակամարտ կողմերը միջև «հստակություն չկա»:

Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին ասել է. «Տեսնում ենք, որ հակասական հայտարարություններ են հնչում Իսրայելի կառավարության անդամների շուրթերից: Կողմերից չենք լսել խոսքեր, որոնք վստահություն են ներշնչում գործընթացի նկատմամբ»:

Ինչպես ասացինք, Իսրայելի ղեկավարները խոստացել են շարունակել ռազմական գործողությունները «Համասի» դեմ այնքան ժամանակ, քանի դեռ խմբավորումը չի «ոչնչացվել», և նման՝ հրապարակային խոստումները հնչում են չնայած անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայացրած Գազայում հրադադարի հաստատման մասին հայտնի առաջարկին:

Նշվածը, թերևս, դրդել է Սպիտակ տան ղեկավարին կասկածներ հայտնել, որ Իսրայելի վարչապետը միտումնավոր է ձգձգում պատերազմը՝ իր քաղաքական շահի համար, սակայն, միաժամանակ, Բայդենը նշել է, թե կարծում է, որ հրեական պետության առջև առկա անվտանգության խնդիրների լուծումը առաջնային են Բենիամին Նեթանյահուի համար․ «Նա փորձում է լուծել իր [երկրին սպառնացող] լուրջ խնդիրը»։

Բայդենի ներկայացրած հրադադարի ծրագիրը, ինչպես հայտնի է, ներառում է վեցշաբաթյա զինադադար, «Համասի» ձեռքին գտնվող պատանդների ազատում և, ի վերջո, ռազմական գործողությունների մշտական դադարեցում:

Ավելի վաղ Վաշինգտոնում վստահություն էին հայտնել, որ ակնկալում են, թե կողմերը կսակարկեն, սակայն արդյունքում՝ կգան համաձայնության:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է. «Ակնկալում ենք, որ Իսրայելը կշարունակի աջակցել այս առաջարկին, քանի որ այն իրենցն է և բխում է նրանց շահերից։ Այն նաև ձեռնտու է «Համասին»: [Կողմերն] ասում են, թե ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։ Սա՛ է ճանապարհը այդ պատերազմին վերջ տալու»։

Սակայն Գազայում չդադարող ռազմական գործողությունների, մարդկային կորուստների ու ավերածությունների ֆոնին շատերը չեն կիսում ամերիկյան վարչակազմի լավատեսությունը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հարցով ԱՄՆ նախկին բանագնաց Ահարոն Դեյվիդ Միլլերը. «Կանխատեսում եմ, որ նույնիսկ եթե երկու կողմերն էլ ընդունեն առաջարկը, մենք կանցնենք [ընդամենը] առաջին փուլը, բայց դրանից այն կողմ շատ բան չեմ սպասում»։

Ակնհայտ է, որ Բայդենի վարչակազմի նպատակն է Գազայում հրադադարի հաստատման գործում ստանալ միջազգային հնարավորինս լայն աջակցություն։ Նաև այդ նպառակին է միտված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված ԱՄՆ բանաձևը, ուր, սակայն, բացակայում է Ռաֆահում Իսրայելի գործողությունները դադարեցնելու պահանջը, ինչն առկա է, օրինակ, Ալժիրի ներկայացրած բանաձևում:

Միջազգային ճգնաժամային խմբի ՄԱԿ-ի գծով պատասխանատու Ռիչարդ Գոուանը նշել է․ «Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը կցանկանար, որ Ռաֆահում [ռազմական] գործողությունները դադարեցվեին: Եթե ԱՄՆ-ն կարողանա համոզել խորհրդի մյուս անդամներին, որ ամերիկյան առաջարկը հրադադար հաստատելու վստահելի ճանապարհ է, որը կբերի կրակի դադարեցմանը նաև Ռաֆահում, խորհրդի մյուս անդամները կգնան փոխզիջման»:

Ինչևէ, թեև հնչած հայտարարություններին, որ կողմերի նպատակն է վերջ տալ արյունահեղությանը, առայժմ հրադադար հաստատելու հեռանկարը անիրական է թվում:

XS
SM
MD
LG