Իսրայելում կիրակի օրը նշվում էր զոհված զինվորների և ահաբեկչության զոհերի հիշատակի օրը:
Սահմանից այն կողմ էլ տեղահանված պաղեստինցիները լսում էին տարհանման հրամանները՝ նախքան Իսրայելի կողմից «Համասի» դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը Ռաֆահում՝ Գազայի հարավային քաղաքում:
Այդ ամենը ուժեղ արձագանք է ստացել նաև ԱՄՆ նախագահական քարոզարշավում: Նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Նյու Ջերսի նահանգի Ուիլդվուդ քաղաքում իր գրեթե 100,000 աջակիցների առաջ անդրադարձել է Իսրայել-«Համաս» պատերազմին:
«Գազայում պատերազմ չէր լինի, եթե ես լինեի Սպիտակ տանը: Երբ ես նախագահ էի, Մերձավոր Արևելքում խաղաղություն էր»,-հայտարարել է Թրամփը:
Նա և մի շարք այլ հանրապետականներ խստորեն դատապարտել են Բայդենի վարչակազմի վերջին որոշումը՝ դադարեցնելու որոշ ռումբերի առաքումը Իսրայել Ռաֆահում ծավալվող իրադարձությունների պատճառով:
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմն իր քննադատությունը կիրակի արտահայտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում:
«Երբ Պերլ Հարբորից հետո մենք որպես ազգ բախվեցինք ոչնչացման՝ կռվելով գերմանացիների և ճապոնացիների դեմ, մենք որոշեցինք ավարտել պատերազմը Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային զենքով: Դա ճիշտ որոշում էր։ Տվեք Իսրայելին ռումբերը, նրանք պետք է ավարտեն պատերազմը»,-ասել է նա:
Բայց նույնիսկ այն դեպքում, երբ որոշ զենքի առաքումները դադարեցվել են, Պետքարտուղարության վերջին զեկույցում չի հաջողվել փաստել, որ Իսրայելը խախտել է ԱՄՆ և միջազգային իրավունքը «Համասի» դեմ պատերազմի ժամանակ ռազմական օգնություն օգտագործելիս:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին NBC հեռուստաալիքով հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը խուսափում է իր դաշնակցին պատասխանատվության ենթարկելուց:
«Ոչ, մենք երկակի ստանդարտներ չունենք։ Մենք Իսրայելին վերաբերվում ենք որպես մեր ամենամոտ դաշնակիցներից և գործընկերներից մեկին, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ երկրի հետ»,-պատասխանել է պետքարտուղարը:
Անկախ սենատոր Բեռնի Սանդերսը NBC-ին ասել է, որ, իր կարծիքով, Իսրայելը չպետք է ռազմական օգնություն ստանա ԱՄՆ-ից։
«35,000 պաղեստինցի զոհվել և 77,000 վիրավորվել է, որոնց երկու երրորդը կանայք և երեխաներ են: Քաղաքակիրթ հասարակության մեջ այդպես չէ»,-ասել է նա։
Ակնկալվում է, որ Ջո Բայդենը գալիք շաբաթվա ընթացքում կկանգնի նոր մարտահրավերների առաջ։
Հանրապետականները քննադատում են Բայդենին Իսրայելին որոշ ռազմական մատակարարումների դադարեցման պատճառով։