Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն լրացուցիչ ջանքեր է գործադրում՝ Գազայում հրադադարի հաստատաման ուղղությամբ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Գազայում մարտերը ժամանակավորապես դադարեցնելու, մարդասիրական օգնությունն ավելացնելու և «Համասի» ձեռքին գտնվող պատանդներին ազատ արձակելու առաջարկի ճակատագիրը երեքշաբթի տակավին անորոշ էր։

Պաղեստինյան խմբավորումը դեռ չի արձագանքել առաջարկին, Իսրայելի պաշտոնյաները կասկածի տակ են դնում որոշ կետերի կենսունակությունը, իսկ Միացյալ Նահանգներն այն կյանքի կոչելու համար աշխատանք է տանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

ԱՄՆ ներկայացրած բանաձևը կոչ է անում «Համասին» ամբողջությամբ ընդունել և իրականացնել կրակի դադարեցման առաջարկը՝ «առանց հապաղման և առանց պայմանի»: Փաստաթղթում նաև նշված է, որ «գործարքի արագ իրականացումը թույլ կտա հրադադար հաստատել, դուրս բերել իսրայելական զորքերը Գազայի բնակավայրերից, ազատ արձակել պատանդներին, ավելացնել մարդասիրական օգնությունը, վերականգնել առաջին անհրաժեշտության ծառայությունները և ապահովել պաղեստինցի խաղաղ բնակիչների վերադարձ Գազայի հյուսիս»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երկուշաբթի լրագրողներին մանրամասնել է, թե «Համասը», որը դեռ հինգշաբթի է ստացել կրակի դադարեցման մասին առաջարկը, տակավին չի արձագանքել: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, նախագծի հիմնական տարրերը «գրեթե նույնն են, ինչ առկա էր այն առաջարկում, որ ներկայացվել էր «Համասին» մի քանի շաբաթ առաջ»:

Ներկայիս սռաջարկը նախատեսում է մարտերի վեցշաբաթյա դադարեցում, պատանդների մի մասի ազատ արձակում, ամեն օր մարդասիրական օգնությամբ լի 600 բեռնատարների մուտք Գազայի հատված և բանակցությունների շարունակում, որոնք ուղղված են լինելու հակամարտության ավարտին:

ԱՄՆ պաշտոնյաները երկուշաբթի ընդգծել են՝ թեև հրադադարի առաջարկը անցած շաբաթ հրապարակայնորեն ներկայացրել է նախագահ Ջո Բայդենը, այն, իրականում, Իսրայելի նախագիծն է:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ հրապարակային գործելաոճը, որից նախկինում խուսափում էին՝ բանակցային գործընթացին չվնասվելու համար, նպատակ ունի ոչ թե իսրայելցի պաշտոնյաների վրա ճնշում գործադրել, այլ դրդել «Համասին»՝ ընդունել առաջարկը․ «[ԱՄՆ] նախագահը նկատեց, որ ժամանակն է այլ մոտեցման և առաջարկը հրապարակայնացնելու՝ գործընթացն ակտիվացնելու, արդյունքի հասնելու համար»:

Ավելի վաղ, Քիրբին կարծիք էր հայտնել որ եթե «Համասն» ընդունի նախագիծը, Իսրայելը նույն կերպ կվարվի:

Իր հերթին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի երկրի խորհրդարանում հայտարարել է, թե «պնդումները, որ մենք համաձայնել ենք հրադադարին՝ առանց մեր պայմանների կատարման, սխալ են»:

Իսրայելի կառավարության խոսնակն ասել է, որ «պատերազմը կդադարեցվի պատանդներին վերադարձնելու նպատակով», որից հետո կքննարկվեն, թե ինչպես հասնել Իսրայելի նպատակին, որն է՝ «Համասի» չեզոքացումը:

Այս ամենի ֆոնին՝ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները երկուշաբթի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով հրադադարի հաստատման առաջարկին:

«Կոչ ենք անում «Համասին»՝ ընդունել առաջարկը, որի համաձայն Իսրայելը պատրաստ է առաջ շարժվել, և կոչ ենք անում «Համասի» նկատմամբ ազդեցություն ունեցող երկրներին՝ աջակցել գործընթացին»,- կարդում ենք հայտարարությունում:

Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարների նույն օրը կայացած հեռավար հանդիպումից հետո, այդ երկրները իրենց աջակցությունն են հայտնել հարատև հրադադարի շուրջ բանակցություներին՝ միաժամանակ ընդգծելով, թե «լուրջ ու դրական են տրամադրված» Բայդենի առաջարկին։

Նախարարները կոչ են արել Իսրայելին՝ ամբողջովին դուրս բերել իր զորքերը Գազայի հատվածից, ապահովել տեղահանված պաղեստինցիների վերադարձը հարազատ բնակավայրեր, սկսել Գազայի վերականգնման աշխատանքները և հակամարտությանը լուծում տալ երկու՝ հրեական ու պաղեստինյան պետությունների ստեղծման միջոցով:

Մարդասիրական օգնության առջև կանգնած խնդիրները

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պաշտոնյաներն ահազանգում են, թե մարտերը Գազայում, հատկապես՝ հյուսիսային և հարավային հատվածներում, բարդացնում են պաղեստինցիներին խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը:

Հումանիտար հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակը երկուշաբթի տեղեկացրել է, որ իրավիճակը բարդ է հատկապես Ռաֆահում, քանզի տաք կերակրով օրական հնարավոր է ապահովել միայն 27 հազար մարդու, բացի այդ մարդասիրական առաքելություն իրականացնողները չեն կարողանում գործել՝ ռազմական գործողությունների պայմաններում:

ՄԱԿ-ի տվյալներով, Ռաֆահում մարտերի պատճառով հարկադրաբար տեղահանվել է մոտ մեկ միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը ծագեց, երբ անցած տարվա հոկտեմբերի 7-ին «Համասը» արյունալի գրոհ ձեռնարկեց հրեական պետության դեմ՝ սպանելով 1 200 իսրայելցու, պատանդ տանելով մոտ 250-ին, որոնցից շուրջ 120-ը դեռ պաաղեստինյան խմբավորման ձեռքին են, այդ թվում՝ 37 զոհվածների դիակները։

Այդ գրոհին հետևեցին իսրայելական ռազմուժի պատասխան գործողությունները, որոնց հետևանքով, ըստ պաղեստինյան կողմի, Գազայում առ այսօր զոհվել է մոտ 36.4 հազար հոգի։

Այս նյութում օգտագործվել են Associated Press-ի, Agence France-Presse-ի և Reuters-ի հրապարակումները:

XS
SM
MD
LG