Բահրեյնում շարունակվում են բողոքի ցույցերը

Բահրեյնում շարունակվում են բողոքի ցույցերը

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում արդեն երրորդ օրն է շարունակվում են երկրի հազարավոր բնակիչների հակակառավարական ցույցերը:

Ցույցերի բազմաթիվ մասնակիցներ միացել են ցուցարարներին մեկ օր առաջ` ոստիկանության կողմից սպանված ակտիվիստի հուղարկավորության ժամանակ:

Առնվազն երկու հազար` հիմնականում շիա ցուցարար չորեքշաբթի օրը զբաղեցրել է երկրի մայրաքաղաքի Մարգարիտների հրապարակը, որտեղ մեկ օր առաջ նրանք վրանային ճամբար են հիմնել: Ցույցի անցկացման տեղանքը նմանվել է Եգիպտոսի ակտիվիստների կողմից Կահիրեի Թահրիր հրապարակի զբաղեցմանը:

Հրապարակում հավաքված բազմաթիվ ցուցարարների համաձայն, նրանք մնալու են հրապարակում, մինչև չհասնեն իրենց նպատակին: Որոշ ցուցարարներ հանդես են գալիս երկրում իշխող դինաստիայի վտարման, մյուսները` Բահրեյնում երկար տարիներ պաշտոնավարող վարչապետ Շեյխ Խալիֆա բին Սալման Ալ Խալիֆային վտարելու կոչերով:

Բահրեյնի հիմնականում շիա անդամներ ունեցող ընդդիմադիր «Ազգային համաձայնության մահմեդական հասարակություն» («Վեֆաք») բլոկի ղեկավարը հանդես է եկել վարչապետի ուղիղ ընտրություններ անցկացնելու կոչով, քանի որ այս երկրում վարչապետն այժմ նշանակվում է թագավորի կողմից: Ընդդիմության առաջնորդ Շեյխ Ալի Սալմանի համաձայն, իր խմբավորմանը հարող խորհրդարանի անդամները, որոնք կազմում են Պատգամավորների պալատի 40 անդամների գրեթե կեսը, բոյկոտելու են պալատի աշխատանքներն այնքան ժամանակ, մինչև չբավարարվեն իրենց պահանջները:

Ցուցարարները պահանջում են նաև, որ Բահրեյնում կառավարող ընտանիքն ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդլայնի երկրում մեծամասնություն կազմող շիաների իրավունքները: