Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիան զինծառայողներ է ուղարկել Բահրեյն


Սաուդյան Արաբիան 1 000 զինծառայող է ուղարկել Բահրեյն՝ մի քանի շաբաթ տևած հակակառավարական բողոքի ցույցերից հետո անվտանգությունն ամրապնդելու գործում այս պետության սուննի ղեկավարությանը օժանդակություն ցուցաբերելու նպատակով։

Սաուդյան Արաբիայի իշխանությունների համաձայն, երկուշաբթի առավոտյան Բահրեյն ժամանած զինծառայողները մտնում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից ստեղծված տարածաշրջանային ուժերի կազմի մեջ։

Բահրեյնի կառավարությունը դեռևս չի հաստատել այս հաղորդագրությունները, սակայն երկրի օրաթերթերից մեկում երկուշաբթի օրը հրապարակվել են լուրեր Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ուժերի սպասվող ժամանման մասին։

Բահրեյնի պետական լրատվական գործակալության համաձայն, օրենսդիրներն ավելի վաղ կոչ են արել Համադ բին Իսա ալ-Խալիֆա թագավորին երեք ամսով ռազմական դրություն և պարետային ժամ հայտարարել այս երկրում՝ մեծամասնություն կազմող շիա ցուցարարների կողմից իրենց քաղաքական ավելի մեծ իրավունքներ պահանջող ցույցերին վերջ տալու նպատակով։

XS
SM
MD
LG