Մատչելի հղումներ

Իրանն «անընդունելի» է անվանել Բահրեյնում ռազմական միջամտությունը


Իրանը «անընդունելի» է անվանել Բահրեյնում այլ պետությունների կողմից իրականացվող ռազմական միջամտությունը։

Այս հայտարարությամբ հիմնականում շիա ազգաբնակչություն ունեցող Իրանի իշխանություները հանդես են եկել Սաուդյան Արաբիայի հրամանատարությամբ գործող ուժերի կողմից Բահրեյն ժամանելուց հետո։

Սաուդյան Արաբիայի մոտ 1 000 զինծառայող և Արաբական Միացյալ Էմիրությունների մոտ 500 ոստիկան մուտք են գործել Բահրեյն՝ այս երկիրը Սաուդյան Արաբիայի հետ միացնող խճուղով։

Նրանք ժամանել են՝ արձագանքելով մի քանի շաբաթ տևած հակակառավարական ցույցերից հետո Բահրեյնի իշխանությունների կողմից պետական գրասենյակները պաշտպանելու նպատակով օգնություն ցուցաբերելու դիմումին։

Ներկայացնելով այս դիմումը, Բահրեյնը հիմնվել է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի շրջանակներում կնքված կոլեկտիվ անվտանգության պայմանագրի վրա, սակայն դեռևս հայտնի չէ, արդյոք Խորհրդի մյուս անդամները՝ Օմանը, Քուվեյթը և Քաթարը կուղղեն իրենց ուժերը Բահրեյն։

Բահրեյնի ընդդիմությունը «բռնազավթում» է անվանել ռազմական այս միջամտությունը։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին չայցելել Բահրեյն, իսկ այնտեղ գտնվողներին՝ հեռանալ երկրից։ Արտգործնախարարությունը խորհուրդ է տվել ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերից՝ հայտարարելով, որ դրանք կարող են արագ վերածվել բռնությունների։

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը Պարսից ծոցի պետություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Բահրեյն օտարերկրյա ուժերի ժամանումը ներխուժում չի համարում։ Խոսնակը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ին չի դիմել իրենց ուժերը դուրս բերելու կոչով։

XS
SM
MD
LG