«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, թե անհայտ անձինք կատարել են սեռական բնույթի իր ենթադրյալ հանցագործությունների մասին Շվեդիայի ոստիկանության հաղորդագրությունների «արտահոսքը»:
Բրիտանական «Թայմս» օրաթերթին տված հարցազրույցում Ասանժը բողոքել է, որ այս թերթի մրցակից «Գարդիան» օրաթերթում կատարվել է ոստիկանության այն զեկույցների «ընտրողաբար հրապարակում», որոնցում երկու կին Ասանժին մեղադրում են բռնաբարության մեջ:
«Գարդիան» օրաթերթն այն լրատվամիջոցներից է, որը համագործակցում է «Վիքիլիքս»-ի հետ` խմբագրելով և հրապարակելով կայքի կողմից տրամադրվող ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի հեռագրերը, ինչի փոխարեն թերթն առաջիններից մեկն է մուտք ստանում կայքի նյութերին:
Թերթն անցյալ շաբաթ հրապարակել էր Ասանժին ներկայացվող մեղադրանքների մանրամասները, որոնք, ըստ թերթի, ձեռք էին բերվել դատախազության նյութերին «չարտոնված մուտք» ստանալու միջոցով:
Ասանժի համաձայն, հրապարակումը հատուկ է կատարվել, որպեսզի համընկնի գրավի դիմաց բանտից իր ազատման ժամանակի հետ:
Գրավի դիմաց ազատվելուց առաջ Ասանժն ինը օր անցկացրել է բանտում` նրան Շվեդիային հանձնելու միջնորդության պատճառով: