«Ուոլ սթրիթ ջորնալ». «Ոչ դիվանագիտական առկախումներ»

«Ուոլ սթրիթ ջորնալ». «Ոչ դիվանագիտական առկախումներ»

«Ուոլ սթրիթ ջորնալ» ամերիկյան օրաթերթը, կրկին անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման շուրջ զարգացող իրադարձություններին, պնդում է, թե սենատոր Բարբարա Բոքսերը, Բրայզայի թեկնածության վրա արգելք դնելով, փորձում է «սիրաշահել» Կալիֆորնիա նահանգի հայկական մեծ համայնքին, քանի որ այնտեղ նա դժվարին մրցապայքար է մղում Քարլի Ֆիորինայի հետ:

Օրաթերթը հիշեցնում է նաև, որ Կանզաս նահանգի հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքը արգելք է դրել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադարված Ֆրանկ Ռիչիարդոնեի թեկնածությանը` ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընին ուղղված նամակում նշվելով, որ «Ռիչիարդոնեն թերացել է ժողովրդավարությունը առաջ քաշելու և մարդու իրավունքները պաշտպանելու գործում»:

Պարբերականը, սակայն, պնդում է, թե «պարոն Ռիչիարդոնեի թեկնածությունը, ինչպես բոլոր թեկնածուների դեպքում, պետք է քվեարկության դրվի: «Այս հարցերի շուրջ քվեարկությունը հավանական չէ առնվազն մինչև Սենատի միջանկյալ ընտրություններին հետևող նստաշրջանը»:

«Սենատի` նախագահի կողմից առաջադրված թեկնածուներին հաստատելու իրավունքը չպետք է առանձին անդամների կողմից օգտագործվի անձնական շահեր հետապնդելու նպատակով», - գրում է «Ուոլ սթրիթ ջորնալ» օրաթերթը` ավելացնելով, որ «Ադրբեջանն ու Թուրքիան Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկերներ են, և Միացյալ Նահանգները այդ երկրներում լավ դիվանագետների կարիք ունի»:

Թերթը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի հաստիքը թափուր է 2009 թվականի հուլիսից: