Քոֆի Անանը հորդորել է Չինաստանին սատարել Սիրիայի վերաբերյալ ծրագիրը

Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը Պեկինում հանդիպումներ է անցկացնում Չինաստանի պաշտոնատար անձանց հետ՝ փորձելով ամրապնդել աջակցությունը Սիրիայում բռնությունների դադարեցման ուղղված իր ծրագրին, որը սատարելու պատրաստակամության մասին ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի իշխանությունները:

ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պետությունների հանձնակատարը երեքշաբթի օրն այցելել է Չինաստանի արտգործնախարարություն և օրվա ընթացքում հանդիպում կանցկացնի նաև երկրի վարչապետ Վեն Ջիաբաոյի հետ:

Քոֆի Անանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին է ներկայացրել երկրի կառավարական ուժերին և ապստամբներին զինադադար հայտարարելու և երկխոսություն մեկնարկելու վեց կետից բաղկացած իր ծրագիրը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից աջակցություն ստացած ծրագիրը չի ներառում Ասադի հրաժարականի մասին պահանջը, որին դեմ են հանդես եկել Ռուսաստանն ու Չինաստանը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը երկուշաբթի օրը նշել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցյալ շաբաթ Անանի ծրագրի հավանության արժանացումը «շատ դրական քայլ է»: Նուլանդ ավելացրել է, թե այժմ անհրաժեշտ է Սիրիայի նախագահի համար հասկանալի դարձնել այն, որ «նա այլևս միջազգային հանրության պահանջներից իրեն պաշտպանող բարեկամներ չունի»:

Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ուժերը երկրի բազմաթիվ վայրերում երկուշաբթի օրը իրականացված հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ: Բացի այդ, ըստ ակտիվիստների, Ասադին հավատարիմ ուժերը բազմաթիվ ձերբակալություններ են իրականացրել:

Ակտիվիստների կողմից հայտնած տվյալները չեն կարող հաստատվել անկախ մարմինների կողմից, քանի որ Սիրիայի իշխանությունները խիստ սահմանափակել են երկրում օտարերկրյա լրագրողների գործունեությունը: