Մատչելի հղումներ

Սիրիայի զինված ուժերը գրոհել են ապստամբների հենակետերը


Սիրիայի ակտիվիստները հայտնել են երկրի կառավարական ուժերի կողմից ապստամբների հենակետերի գրոհի իրականացման մասին:

Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը գրոհել են Ռասթան քաղաքը, որի ընթացքում բռնկված մարտերի արդյունքում զոհվել է երեք զինծառայող:

Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են նաև հյուսիսային Քալաթ ալ-Մադիք և հարավային Դերաա քաղաքները:

Այս իրադարձություններից մեկ օր առաջ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները հավանության են արժանացրել երկրում զինադադար հաստատելու և կառավարության ու ապստամբների միջև երկխոսություն մեկնարկելու իր ծրագրին: Անանը հորդորել է Սիրիայի կառավարությանն անհապաղ մեկնարկել ծրագրի իրականացումը:

Արևմուտքի պետությունների դիվանագետները հայտնել են սակայն, որ Սիրիայի ընդդիմության գործիչները թերհավատությամբ են արձագանքել Ասադի կողմից խաղաղության ծրագրին համաձայնություն տալու մասին լուրերին` մեղադրելով վերջինիս «բռնությունները շարունակելու համար ժամանակ շահելու փորձ կատարելու մեջ»:

Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները Բաղդադում անցկացված հանդիպման ընթացքում իրենց հերթին են հայտնել Անանի ծրագրին իրենց աջակցության մասին:

Բաղդադում հինգշաբթի օրը մեկնարկելու է տարածաշրջանային այս կազմակերպության ղեկավարների համաժողով, որի ընթացքում քննարկման է ներկայացվելու Սիրիայում ընդդիմության նկատմամբ իրականացվող բռնությունները դադարեցնելու և խաղաղ ցույցերը թույլատրելու շուրջ բանաձևը:

Սիրիայի կառավարության խոսնակը սակայն հայտնել է, որ Դամասկոսը հավանության չի արժանացնելու Սիրիայի վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի կողմից ընդունված որևէ փաստաթուղթ:

XS
SM
MD
LG