Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դեսպան Ռիչարդոնեից ներողություն է պահանջել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դեսպան Ռիչարդոնեից ներողություն է պահանջել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պահանջել է, որպեսզի Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն ներողություն խնդրի ԱՄՆ-ի Սենատի կողմից ներկայացված հարցման վերջերս տված գրավոր պատասխանի համար, որտեղ Ռիչարդոնեն պնդում է, թե «Թուրքիայում մինչ այժմ գործում են քրիստոնյա եկեղեցիների մեծ մասը, որոնք գործել են այդ երկրում մինչև 1915 թվականը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը օգոստոսի 15-ին նամակ է հղել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընին, որտեղ նշվել են դեսպան Ռիչադրոնեի կողմից ներկայացված վիրավորական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների հիմքում ընկած փաստերը, որոնց միջոցով կատարվել է քրիստոնյաների սրբավայրերի զանգվածային ոչնչացումը քողարկելու փորձ:

Խաչիկյանի նամակում նշվել է, որ «դեսպանի պատրաստակամությունը` ընդունելու Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման կեղծ և ատելությամբ լի շարադրանքը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի քաղաքականությանը հետևելու երկարատև դիրքորոշմանը»:

Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի նամակում ներկայացվել է հստակ երեք պահանջ. առաջինը` ներկայացնել դեսպան Ռիչարդոնեի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից իր պատասխանից հրաժարվելու պաշտոնական հայտարարություն, երկրորդը` ներկայացնել պաշտոնական ամբողջական ճշտում այն մասին, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում ժամանակին եղած քրիստոնեական եկեղեցիների գերակշռող մեծամասնությունը պղծվել, ոչնչացվել կամ կողոպտվել է Թուրքիայի օսմանյան կամ հանրապետական կառավարությունների կողմից, և որ պահպանված բոլոր եկեղեցիները և կրոնական ունեցվածքը պետք է վերադարձվեն իրենց օրինական հայ, հույն, ասորի, սիրիացի, պոնտոսցի և քրիստոնեական այլ եկեղեցիներին և սեփականատերերին, և երրորդը` ներողություն դեսպան Ռիչարդոնեի կողմից: