Թալիբների կողմից Քանդահար քաղաքում անցկացված համակարգված մի քանի հարձակումների պատճառով վնասվածքներ է ստացել առնվազն 11 մարդ։
Քանդահար նահանգի կառավարության խոսնակը հայտնել է, որ զինյալները հարձակում են իրականացրել կառավարական շենքերի համալիրի վրա։ Փոխհրաձգություններ և պայթյուններ են տեղի ունեցել նաև քաղաքի այլ մասերում։
Թալիբների խոսնակը հայտնել է հարձակումների համար խմբավորման պատասխանատվության մասին։
Քանդահար քաղաքում իրականացված հարձակումից մեկ օր առաջ թալիբները հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի Պակիստանում Օսամա բին Լադենի սպանությունը նոր թափ է հաղորդելու ահաբեկչական հարձակումներին։
Ահաբեկչական խմբավորման խոսնակը սակայն հայտնել է, որ շաբաթ օրն իրականացված հարձակումները բին Լադենի սպանությանն ի պատասխան վրեժխնդրություն չեն։