Մահապարտ ահաբեկչի կողմից Աֆղանստանի ամենամեծ զինվորական հիվանդանոցում իրականացված ահաբեկչական հարձակման պատճառով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել՝ 23 մարդ։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, հարձակումն իրականացվել է հիվանդանոցում որպես ճաշասրահ օգտագործվող վրանում։ Պաշտոնատար անձանց հաղորդագրության համաձայն, վնասվածքներ ստացածների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։
Թալիբները պատասխանատվություն են ստանձնել պայթյունի համար՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել է երկու զինյալ: Իշխանությունների համաձայն սակայն, տեղի է ունեցել միայն մեկ պայթյուն։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունն ու դաշնակիցների ուժերը դատապարտել են այս հարձակումը։
ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց համաձայն, 400 տեղանոց հիվանդանոցն այս երկրի ամենամեծ բժշկական հաստատությունն է, որը սպասարկում է Աֆղանստանի ազգային բանակի ծառայողներին և նրանց ընտանիքներին։
Հիվանդանոցը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաքի լավ պաշտպանված հատվածում, ԱՄՆ-ի դեսպանության մոտակայքում։ Եվ այստեղ թալիբների ներթափանցման ունակությունը նոր մտահոգություններ է առաջացնում Աֆղանստանի անվտանգության ուժերի շարքեր նրանց ներթափանցելու կարողության մասին։