Թրամփը հաստատել է, որ Զելենսկին ուրբաթ օրը կայցելի Վաշինգտոն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

Նախօրեին Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ այցի ընթացքում «շատ մեծ պայմանագիր» է ստորագրվելու։

Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուրբաթ օրը կայցելի Վաշինգտոն։

Չորեքշաբթի ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը կասկած է հայտնել, որ այցը տեղի կունենա։

Հիշեցնենք, որ, ինչպես նախօրեին հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը, Զելենսկին մտադիր է գալ ԱՄՆ՝ «շատ մեծ համաձայնագիր» ստորագրելու համար։

«Այս համաձայնագիրը կարող է դառնալ ապագա անվտանգության երաշխիքների մաս»,- իր հերթին ասել է Զելենսկին՝ Կիևում լրագրողների հետ զրույցում։

Նա ընդգծել է, որ համաձայնագրի նախագծում Ուկրաինան հանդես չի գալիս որպես պարտապան, որը պետք է հարյուր միլիարդավոր դոլարներ վերադարձնի իրեն տրամադրվող ռազմական օգնության համար։

«Հաջողությունը կախված է նախագահ Թրամփի հետ մեր զրույցից»,- ասել է Զելենսկին։

Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների աղբյուր։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ կողմերը դեռ աշխատում են այցի կազմակերպման ուղղությամբ։

Համաձայնագրի նախագծի պատճենում, որը թվագրված է փետրվարի 25-ին և որին ծանոթացել է Reuters-ը, ասվում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Ուկրաինայի ջանքերին՝ ձեռք բերելու անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղություն հաստատելու համար»: